news.am: «Ապրելու երկիր» կուսակցությունը այսօր՝ օգոստոսի 23-ին, մեկնարկել է Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը: Ելույթի խոսքերով են հանդես եկել կուսակցության թիմակիցները եւ վերջում ելույթ է ունեցել նաեւ կուսակցության առաջին համար Մանե Թանդիլյանը:
Նա խոսել է նախ օրվա խորհրդի՝ անկախության 33-րդ տարեդարձի մասին. «Սահմանադիրը՝ հայ ժողովուրդը, չի չեղարկել անկախության հռչակագիրը եւ չի չեղարկելու ինչքան էլ դրան ձգտողները անչափ լինեն: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդն անփոփոխ է իր կամքում եւ որոշումներում»:
Նրա խոսքով՝ Երեւանի ընտրություններն ուղիղ կապ ունեն անկախության հետ:
Կուսակցության առաջին համարը շեշտել է, որ Երեւանի ավագանու ընտրությունները երբեք այսքան քաղաքական չեն եղել, որքան այս անգամ է. «Եվ չեն եղել այսքան համահայկական, որքան այս անգամ է: Մենք պարտավոր ենք այս գիտակցումով գնալ քարոզարշավի: Իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների այս խաղասեղանին, որովհետեւ համոզված եմ, թե որքան ճակատագրական են նրանք, եւ որքան կարեւոր է, որ որեւէ մեկս այստեղ գտնվող նվիրում ու ջանք չխնայենք այս ամենը մեր սիրելիս երեւանցիներին բացատրելու եւ հորդորելու: Պատրաստ եմ կյանքիս հաջորդ 10 տարին նվիրել մեր երկրին՝ անվերապահորեն»:
Թանդիլյանի խոսքով՝ կուսակցության վրա այժմ ծանր բեռ է՝ խոսել յուրաքանչյուր երեւանցու հետ, գնալ բակից բակ, թակել յուրաքանչյուրի դուռը, եւ ասել, թե ինչու է այսքան կարեւոր Երեւանի ընտրությունները. «Ինչու է այն լինելու բեկումնային Հայաստանի, Արցախի, Երեւանի ճակատագրի մեջ: Թե ինչպես է արտաքօն ազդակներ գնալու Երեւանից, որ Հայաստանում համաձայն չեն այն ուղու հետ, որը որդեգրել է այսօրվա իշխանությունը»:
Նա իր խոսքում ուղերձ է հղել նաեւ երեւանցիներին ու իր թիմակիցներին.
«Սիրելի երեւանցիներ, ականջալուր եղեք մեր թիմակիցներին եւ լսեք՝ ինչքան կարեւոր է ձեր մասնակցությունն այս ընտրություններին: Սիրելի թիմակիցներ, կբացատրեք նրանց, թե ինչպես է հնարավոր ընտրություններով հաղթել, փոխել, չէ՞ որ դուք արդեն 2 տարի շարունակ արել եք դա, գուցե նրանք տեղյակ չեն, օգնենք մեր համաքաղաքացիներին դուրս գալ այդ հուսահատությունից եւ ցույց տալ, թե ինչպես ենք մեկ քվեով հաղթել Տաթեւում: Պատմեք նրանց, թե ինչքան է նայում մեր արցախցի հայրենակիցը եւ ինչքան է նա սպասում այս ընտրություններում իշխանափոխության արդյունքին: Մենք ջանք չենք խնայելու, որ ձեզ ապացուցենք, որ մենք արժանի ենք ձեր վստահությանը, որովհետեւ անվերապահ նվիրված ենք մեր անելիքին:
Կիսվեք նրանց հետ մեր երազանքի Երեւանի տեսլականով, պատմեք նրանց, թե ինչպիսի Երեւան ենք մենք տեսնում՝ ազատագրված փոսերից ու աղբից, Երեւան, որի բնակիչները ճախրում են ճոպանուղիով, առանց խցանումների հասնում են մի կետից մյուսը, Երեւանը մեզ համար հոգատար ու հասանելի քաղաք է, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր ցանկացած վայրը գնալ, քաղաք ենք կառուցելու մայրերի, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեց ընկերների եւ բոլորի համար»:
comment.count (0)