Չպետք է աշխատաշուկան սկսի թելադրել ուսումնական համակարգին [Միջին մասնագիտական կրթություն, խնդիրներ, աշխատաշուկա․ ՄԱՍ 2-ՐԴ]
07:52 - 17 հունիսի, 2019

Չպետք է աշխատաշուկան սկսի թելադրել ուսումնական համակարգին [Միջին մասնագիտական կրթություն, խնդիրներ, աշխատաշուկա․ ՄԱՍ 2-ՐԴ]

Միջին մասնագիտական կրթության և ուսուցման՝ աշխատաշուկայի հետ կապի մասին զրուցել ենք կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) համակարգող խորհրդի անդամ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Կարդալ 1-ին մասը
Դժվար է կրթության հետ համագործակցող գործատուներ գտնել [Միջին մասնագիտական կրթություն, խնդիրներ, աշխատաշուկա․ ՄԱՍ 1-ին]

Միջին մասնագիտական կրթությունը և բարձրագույն կրթությունը լրացնում են իրար։ Ցանկացած երկիր ունենում է երկու կարգի մասնագիտական կրթություն՝ մեկը բարձրագույն, մյուսը՝ միջին։ Ցանկացած երկրի անհրաժեշտ են երկու կարգի մասնագետներ։ Մեկը մասնագետներն են, որ կսովորեն որոշակի մասնագիտություններ, որոնք անհրաժեշտ են տնտեսության տարբեր ոլորտներին և չեն պահանջում շատ գիտական, հետազոտական, այլ` ավելի պրակտիկ հմտություններ։ Միջին մասնագիտական կրթական համակարգը ծառայում է հենց այդ խմբի մարդկանց, իսկ բարձրագույնը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ավելի ակադեմիական, հետազոտական մասնագիտություններ սովորել։

Դրանք իրար ինչ-որ իմաստով լրացնում են․ ԲՈՒՀ-երը նույնպես ստեղծում են կուրսեր, որոնք ավելի կարճ են՝ բակալավրիատի ավելի կարճ տարբերակներ, երբ մարդը երկու-երեք տարի կարող է սովորել ու միանգամից գնալ աշխատաշուկա, ինչպես միջին մասնագիտական կրթության դեպքում։

Միջին մասնագիտական կրթությունը փորձում է ավելի ուժեղանալ, հզորանալ և ինչ-որ իմաստով նաև մրցակցել բարձրագույն կրթության հետ։ Հիմա մեր միջին մասնագիտական կրթությունը, եթե համեմատենք կրթության մյուս ոլորտների հետ՝ մանկապարտեզներ, դպրոցներ, ԲՈՒՀ-եր, համեմատաբար ավելի լավ վիճակում է։

Շատ մեծ դեր խաղաց այն հանգամանքը, որ ինչ-որ մի պահի որոշվեց արտոնություն տալ այստեղ սովորող աշակերտներին, որոնք հնարավորություն էին ստանում քոլեջն ավարտելուց հետո միանգամից սովորել ԲՈՒՀ-ի երկրորդ կուրսում։ Դրա արդյունքում այս հաստատությունների հեղինակությունը որոշակիորեն մեծացավ։ Նաև շատ մեծ դեր խաղաց այն հանգամանքը, որ միջին մասնագիտական հաստատությունները խոշորացվեցին։

Իհարկե, դեռ բազմաթիվ խնդիրներ կան այս ոլորտում, որոնք պետք է լուծվեն: Մասնավորապես, նյութատեխնիկական բազայի հարցն է, որովհետև միջին մասնագիտական կրթության մեջ կան ծախսատար ոլորտներ, որտեղ մեծ ներդրումներ են պետք։ Այն խնդիրները, որոնք ունեն Հայաստանի կրթության մյուս աստիճանները, մենք տեսնում ենք նաև այստեղ։ Այստեղ էլ մասնագետների, բովանդակության, ծրագրերի խնդիր ունենք, ունենք նաև սովորելու ցանկության խնդիր։ Իհարկե, ոչ բոլոր դեպքերում, այնուամենայնիվ, քոլեջներում կա նման հարց։

Մենք պետք է զարգացնենք հատկապես քոլեջի այն բաղադրիչը, որը բարձրագույն ուսումնական հաստատություն չի տանում։ Այսօր քոլեջների վիճակը բարելավվեց, որովհետև բարձր առաջադիմությամբ շատ աշակերտներ, երբ ավարտեցին հիմնական դպրոցը, գնացին ոչ թե ավագ դպրոց, այլ՝ քոլեջ։ Արդյունքում, բնականաբար, այս օղակի հեղինակությունը բավականին բարձրացավ։

Բայց սրանք հիմնականում այն երեխաներն են, որոնք քոլեջ գնում են, որ հետո էլ գնան համալսարան։ Ես կուզենայի, որ մենք ուժեղացնենք այն ծառայությունները, որոնք նախատեսված են այն երեխաների համար, որոնք քոլեջով բավարարվելու են, չեն շարունակելու ուսումը և ուղիղ աշխատաշուկա են մտնելու։
Կարծում եմ` այս կոմպոնենտն էլ պետք է ուժեղացվի։

Բնականաբար, միջին մասնագիտական կրթությունը պետք է շատ ուժեղ կապ ունենա աշխատաշուկայի հետ։ Որովհետև այստեղ մենք գործ ունենք այն ոլորտի հետ, որը շատ պրակտիկ է։ Երեխաները պետք է իրենց ուսման որոշակի ժամանակահատվածն անցկացնեն, օրինակ, գործարանում, ինչ-որ ընկերությունում։ Դուալ համակարգի ներդրումն է նաև պահանջում շատ ուժեղ պրակտիկանտություններ, բայց, կարծում եմ, որ միջին մասնագիտական հաստատություն-հիմնարկություն հարաբերության մեջ ամեն դեպքում ուսումնական հաստատությունը պետք է ավելի թելադրող դեր ունենա։

Դուալ համակարգը երբեմն նաև որոշ դժվարություններ է ստեղծում։ Քանի որ արտասահմանյան համակարգ է, դրա ներդրումը հաճախ խնդիրներ է ստեղծում։ Օրինակ, ինչ-որ մարզային քոլեջ ունի սերվիսի բաժին, և այդ սերվիսի բաժնի ուսանողը պետք է հաճախ գնա հյուրանոց․ այնտեղ է իր պրակտիկան։ Ու մեկ էլ պարզվում է, որ երեխայի ծնողները համաձայն չեն, որ իրենց աղջիկ երեխան հաճախակի մտնի-դուրս գա հյուրանոց։ Որովհետև այդտեղ ուրիշ ընկալում կա՝ ինչու է այս երեխան անընդհատ գնում հյուրանոց։

Բայց մյուս կողմից էլ, եթե ուսանողն ընտրել է սերվիսի ոլորտը, դրա մեջ մտնում է նաև հյուրանոցային սերվիսը։ Այսպիսի տեղային կարծրատիպեր կան, որոնք հաճախ խոչընդոտներ են ստեղծում։ Կարծում եմ՝ դրանք ժամանակի ընթացքում լուծվող հարցեր են։

Մենք չպետք է ունենանք մի համակարգ, որտեղ աշխատաշուկան սկսի թելադրել ուսումնական համակարգին։ Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ ուսումնական համակարգը ոչ թե պարզապես պատվեր կատարող է, այլ նաև որոշիչ դեր ունի, կրթության որակը շատ ավելի բարձր է։

Ինչու՞, որովհետև աշխատաշուկան կամ հիմնարկությունները հաճախ իրենք չեն տիրապետում՝ իրենց ինչ է պետք։ Իրենք չունեն այն կարողությունը, որ հասկանան, թե 2, 3, 5 տարուց ինչ է լինելու։ Իսկ եթե կրթական համակարգում զարգացնենք այն, որ կրթական համակարգն ինքը իմանա՝ ինչ է լինելու մի քանի տարի հետո և ինքը նաև այդ հարցում գործատուին ուղղորդի, գործատուի հետ համագործակցի, ավելի լավ արդյունք կունենանք։

Կրթության համակարգը պետք է շարունակի մնալ ուժեղ և թելադրող։ Ինձ համար ամենակարևոր հարցն այն է, որ մենք, որքան էլ սերտ համագործակցենք աշխատաշուկայի հետ, այնուամենայնիվ, կրթության համակարգը պետք է շարունակի մնալ ուժեղ և թելադրող։ Եթե կրթության համակարգը դառնա կատարող, չի կարողանալու ճկուն ձևով փոխվել։

Տեսե՛ք՝ հիմա ինչ է տեղի ունենում․ քանի որ կրթության ոլորտի հնարավորությունները փոքր են, մենք շատ բաներ պատվիրակում ենք գործատուներին՝ մտածելով, որ իրենք ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Դա լավ է, բայց այստեղ պետք է կրթության համակարգը լինի ազդեցիկ դերում։ Սա պետք է ապահովենք, որովհետև սրանից է մեծապես կախված, թե ինչպես այս համակարգը կարձագանքի փոփոխություններին։ Գործատուները չեն կարող դա անել։ Գործատուն իր աշխատանքն է անում, իր բիզնեսն է զարգացնում, չի կարող շատ խորանալ կրթական տենդենցների մեջ․ դա պետք է անի կրթական համակարգը։

Իսկ ո՞վ է ասել, որ պրակտիկ հարցերով կրթությունը չի կարող զբաղվել։ Մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում մենք միշտ տեսությունն ու պրակտիկան իրարից տարանջատում ենք։ Մեզ թվում է, թե համալսարաններում պետք է տեսություն սովորացնել, իսկ քոլեջներում՝ պրակտիկա։ Բայց երկուսն էլ կապված են իրար հետ։ Կրթական համակարգի ուժն այն է, որ կրթությունը կարող է տեսությունն ու պրակտիկան արդյունավետ ձևով միավորել։ Բիզնեսը ցույց է տալիս, թե ինչպես աշխատել, իսկ կրթության համակարգը պետք է սովորեցնի՝ ինչպես աշխատել։ Դրանք երկու տարբեր բաներ են։ Դրա համար կրթական համակարգի դերը չպետք է նսեմացնել։

Կրթության ոլորտում պետք է ունիվերսալության էլեմենտը պահենք, որովհետև ոչ մի երաշխիք չունենք, թե շրջանավարտն ինչ է աշխատելու։ Մեկ-մեկ ասում են՝ դե լավ, դառնալու է կոշկակար կամ ավտոմեխանիկ, իրեն միայն դա է պետք։ Չէ, իրեն պետք են նաև ընդհանուր գիտելիքներ, որովհետև կարևոր է նաև, թե ավտոմեխանիկը ինչպես է հաղորդակցվում, սերվիսը ինչպես է մատուցում, ունի՞ այդ հմտությունները։ Սրանք կրթության համակարգի խնդիրներ են։

Հիմա Հայաստանում բոլորը բողոքում են, որ արհեստավորները շատ վատ են սպասարկում, խաբեբա են, և այլն և այլն։ Այդ ամենը գալիս է նաև կրթական համակարգից, որովհետև գործատուն այդ խնդիրները չի կարող լուծել, դրանք կրթական խնդիրներ են։

Հիմնական անելիքը օրենքների փոփոխելը չէ։ Պետք է միջին մասնագիտական հաստատությունների մարդկային կապիտալը ուժեղացնել։ Այդտեղ աշխատող մարդիկ պետք է ավելի լավ դասավանդեն, ուսանողներն ավելի լավ սովորեն։ Եթե օրենքները փոխենք, բայց կրթությունը չփոխվի, խնդիրները չեն լուծվի։

Մարգարիտա Ղազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել