ԱԺ խմբակցություններն այսօր՝ նոյեմբերի 16-ին, իրենց դիրքորոշումներն են հայտնել Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։ Ստորեւ՝ ԱԺ հաղորդագրությունը այդ մասին։
«Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նա նշել է, որ տնտեսական նպատակահարմարության որեւէ հաշվարկ ծրագրի հետեւում չկա։
Արթուր Խաչատրյանի հավաստմամբ, «Հայաստան» դաշինքը մանրակրկիտ ուսումնասիրել է Կառավարության կողմից ներկայացված 2024 թվականի նախագիծը: «Առաջարկվող բյուջեն Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր եւ միջոցներ չի նախատեսում: Առաջին հերթին դա վերաբերում է անվտանգային մարտահրավերներին: Լեռնային Ղարաբաղի բռնակցման, բնակչության էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 250 քառ. կմ տարածքի բռնազավթման պայմաններում, պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոս աճը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետեւանքով մեր ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը եւ ագրեսիվ հռետորաբանությունը»,- նշել է պատգամավորը:
Նրա խոսքով, անընդունելի է նաեւ «Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում» ծրագրի ֆինանսավորման 2023 թվականի համեմատ 1 միլիարդ դրամից ավելի նվազեցումը:
Անդրադարձ է եղել նաեւ Կառավարության բարեփոխումների ծրագրին: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ որեւէ էական բարեփոխում չի առաջարկվում: Պատգամավորը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թվականի պետական բյուջեի նախագծին:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում որոշ քաղաքական հանգամանքների է անդրադարձել, խոսել ընդդիմության որոշ դիտարկումների վերաբերյալ:
Խմբակցության ղեկավարի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի երկարաժամկետ բարեկեցության գրավականն ազատության եւ խաղաղության միաժամանակյա գոյությունն է: Պատմությունը վկայակոչելով՝ նա փաստել է, որ այս տարածքում, այս հողակտորի վրա Հայաստանը, հայ ժողովուրդը երբեք միաժամանակ չեն ունեցել ազատություն եւ խաղաղություն:
«Մենք ստացել ենք ազատություն եւ գնում ենք խաղաղության ճանապարհով: Հենց այդ երկուսն ունենանք, այդ ժամանակ փլվելու է այն հայեցակարգը, այն նարատիվը, որի վրա, ցավոք, կառուցված է նաեւ մեր ընդդիմության գաղափարաբանությունը»,- նման կարծիք է հայտնել Հայկ Կոնջորյանը ու խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատությունների մասին։
«Ի՞նչ է ստացվել. տասնամյակներ շարունակ քաղաքական ուժերը զոհաբերել են ազատությունը, որ ստանան անվտանգություն եւ արդյունքում զրկվել են ե՛ւ ազատությունից, ե՛ւ անվտանգությունից: Ազատություն եւ խաղաղություն. երբ կարողանանք այս երկուսը համադրել, այդ ժամանակ գոհ կլինենք, կհամարենք, որ մենք ինքնիշխան պետություն ենք, եւ մենք ենք մեր ճակատագրի, մեր տարածաշրջանի, մեր աշխարհագրական դիրքի նկատմամբ բովանդակություն ձեւավորողն ու մեր աշխարհագրության գերին չենք: Երկար ժամանակ դա է եղել նարատիվը, որ մենք չունենք ծով, ունենք լեռներ, ունենք անբարենպաստ հարեւաններ, դրա համար մենք դատապարտված ենք փրկվելու, իսկ փրկիչներ միշտ պատրաստակամ են եղել հայտնվելու»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը: Ըստ նրա՝ այդ հայեցակարգն ու փրկչի նարատիվը փլվում է:
Հայկ Կոնջորյանի գնահատմամբ չկա տնտեսական զարգացում առանց տնտեսական ազատությունների եւ չկան տնտեսական ազատություններ առանց քաղաքական ազատությունների: Սա հիմնաքարային աքսիոմա է: Նա տեղեկացրել է, որ բյուջեի նախագիծն արտահայտում է իրենց քաղաքական առաջնահերթությունները, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է փաստաթղթին:
comment.count (0)