44-օրյա պատերազմի ժամանակ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Շաքարյանը ներկայացել է Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործով որպես վկա հարցաքննվելու։
Շաքարյանի հարցաքննությունը, սակայն, ընթանում է դռնփակ։ Դեռ հոկտեմբերի 27-ին դատարանը որոշել էր գործի դռնբաց քննությունը փոխել դռնփակի պետական գաղտնիք պարունակող գրավոր ապացույցները ուսումնասիրելու համար։ Գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը մասամբ է ավարտվել, հետազոտվել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի դիրեկտիվը, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ընդունված Մարտական կանոնադրությունը, ԳՇ պետի, ՊԲ հրամանատարի եւ դիվիզիայի հրամանատարի կարգադրությունները: Դրանից հետո դատարանը փոփոխել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը եւ որոշել դատակոչել վկաներին։
Աբրահամյանի պաշտպան, փաստաբան Արման Թամրազյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ապացույցների հաջորդականությունը փոփոխելու եւ վկաներին դատակոչելու միջնորդությունն ինքն է ներկայացրել՝ հաշվի առնելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարեցվում է այն պատճառաբանությամբ, որ վկաները դեռ հարցաքննված չեն․ «Այս գործով դատակոչված 51 վկա կա, եթե այդ տրամաբանությամբ գաղտնի փաստաթղթերը հետազոտենք, հետո անցնենք վկաների հարցաքննությանը, Սեւակ Աբրահամյանը մինչեւ 2030 թիվը կալանքի տակ է մնալու»,- ասաց նա։
Պաշտպանի համար, սակայն, ընդունելի չէ, որ դատարանը, բավարարելով միջնորդությունը, որոշել է, որ վկաների հարցաքննությունը եւս դռնփակ կանցկացվի․ ըստ նրա՝ այս գործով ոչ մի նիստ չպետք է դռնփակ լինի։
Թամրազյանը ենթադրում է, որ Կարեն Շաքարյանից բացի դռնփակ կհարցաքննվեն առնվազն ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը՝ հաշվի առնելով, որ նրանց ցուցմունքները առնչվում են հետազոտված գաղտնի ապացույցներին։ Բայց քանի որ կլինեն վկաներ, որոնց ցուցմունքները դրանց չեն առնչվի, պաշտպանը կմիջնորդի վերանայել դռնփակ քննության որոշումը։
Քրեական գործի նախաքննության փուլում Կարեն Շաքարյանն ու Սեւակ Աբրահամյանը երեք անգամ առերեսվել են։ Առերեսումը նախապես հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ։ Մեր հարցին, թե տվյալ դեպքում էական հակասությունը կոնկրետ ինչի՞ շուրջ է եղել, Արման Թամրազյանը պատասխանեց․ «Հակասություն, մեծ հաշվով, որպես այդպիսին, չի եղել․ մեղադրանքը կառուցել են սենց, որ մինչեւ ամսի 26-ը՝ ժամը 18 ։00-ն, 6-րդ պաշտպանական շրջանը բոլոր տեղեկությունները նորմալ զեկուցել է, դրանից հետո որոշել է չզեկուցել, դրա վերաբերյալ է՝ իրեն զեկուցել են թե չէ։ Բնականաբար, ամեն մեկն իր մեջքը փակելու համար ասում է՝ չէ, ես տեղյակ չեմ եղել, բայց առերեսման ժամանակ գալիս, ասում է՝ եղել եմ, բայց դրանք առօրյա շարժի մասին զեկուցներ են եղել, որեւէ արտառոց տեղեկություն չի եղել։ Առերեսումից հետո նորից լրացուցիչ հարցաքննում են, ցուցմունքը փոխում են, ուրիշ բան են ասում, գալիս ենք առերեսման, նորից դեմ ենք տալիս, նորից մեր ասածը ընդունում են, հետո նորից են տանում, լրացուցիչ ցուցմունք վերցնում, նորից բերում են․․․ Սա է»։
Պաշտպանը նաեւ ընդգծեց՝ այնպես չէ, որ զորամասի հրամանատարը պիտի անձամբ վերցնի, դիվիզիայի հրամանատարին զեկուցի, զորամասն ունի օպերատիվ հերթապահ, որը զեկույցները ստանում է եւ զեկուցում դիվիզիայի օպերատիվ հերթապահին, զորամասի ամեն ծառայության պետը իր վերադասությամբ դիվիզիայի հրամանատարին զեկուցում է, եւ այդ գործընթացը չի կարող դադարեցվել․ «Եվ ի վերջո, առաջնագիծը կահավորված է եղել տեսադիտարկման համակարգով, որը օնլայն ռեժիմով դիտել են եւ առաջնագծում ծառայություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարները, եւ զորամասի ղեկավարները, եւ դիվիզիայի ղեկավարները, եւ ՊԲ-ն, եւ ԳՇ-ն։ Այսինքն՝ անկախ նրանից, թե զինվորը առաջնագծից զանգում, ինչ է ասում, դու տեսնում ես։ Էն, ինչ դու աչքով տեսնում ես, տեսադիտարկման սարքը քո տեսածից ավելի տեսնում է, գիշերը դու չես տեսնում, էդ սարքը տեսնում է։ Հիմա ես քեզ չեմ զանգում, ասում՝ սենց բան եմ տեսնում, բայց դու ինքդ տեսնում ես, քեզնից բարձր տեսնում են, չէ՞»,- նշեց Արման Թամրազյանը։
Նիստից առաջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Կարեն Շաքարյանից, սակայն նա հրաժարվեց հարցերին պատասխանել՝ նշելով․ «Հետո, հիմա էստեղ չէ»։
Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։
Սեպտեմբերի 27-ին հարձակում գործելով՝ հակառակորդը հնարավորություն է ունեցել ժամերի ընթացքում ճեղքել պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք դիտակետերի պաշտպանությունը եւ մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի հետաւքնով հոկտեմբերի 2-ին Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Սեւակ Աբրահամյանը 1 տարուց ավելի է՝ կալանավորված է։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Գլխավոր լուսանկարում՝ Կարեն Շաքարյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)