Արցախցիները, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից հետո, կօգտվեն աջակցության ծրագրերից
21:59 - 21 նոյեմբերի, 2023

Արցախցիները, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից հետո, կօգտվեն աջակցության ծրագրերից

Ստեփանակերտի 72-ամյա բնակիչ Անուշ Անաստասյանը, որ Հայաստանում հաշվառվելու պատճառով զրկվել էր բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազարական եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազարական դրամ սոցիալական աջակցությունից, այսուհետ այդ ծրագրի շահառու կլինի։

«Ինֆոքոմը» գրել էր, որ Անաստասյանը բռնի տեղահանումից հետո ստացել էր հոկտեմբեր ամսվա աջակցությունը, սակայն օրեր անց, երբ դուրս էր եկել Ստեփանակերտի հաշվառումից եւ գրանցվել Հայաստանում, դադարել էր հանդիսանալ այդ ծրագրի շահառու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ինֆոքոմ»-ին տեղեկացրել էին, որ Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կլինեն, որոնցով կլուծվի նման իրավիճակում հայնտված արցախցիների խնդիրը։ 

Նոյեմբերի 17-ին հիշյալ փոփոխությունը կատարվել է, եւ այսուհետ աջակցության ծրագրերի շահառու են համարվում նաեւ Արցախից բռնի տեղահանված բոլոր այն անձինք, որոնք 2023 թ սեպտեմբերի 19-ից հետո են հաշվառվել Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում։ 

Այս պահին կառավարությունն իրականացնում է 50-հազարական դրամի չափով երկու ծրագիր՝ 50-հազարական դրամների (40-հազարական դրամ կացության եւ 10-հազարական դրամ կոմունալ ծախսերի վճար) վեցամսյա աջակցություն եւ առաջնային սպառողական ծախսերի համար նախատեսված 50-հազարական դրամների  երկամսյա աջակցություն։ 

Վեցամսյա աջակցության ծրագրի որոշումը Կառավարությունն ընդունել է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին, հաշվառման ժամկետի փոփոխությունը, ինչպես նշեցինք, կատարվել է նոյեմբերի 17-ին, սակայն այն ունի հետադարձ ուժ եւ տարածվում է հոկտեմբերի 14-ից սկսած գործողությունների վրա։ Այս որոշման՝ մինչեւ փոփոխությունը գործող կարգավորմամբ՝ Հայաստանում երբեւէ հաշվառված բռնի տեղահանվածները ծրագրի շահառու չէին եւ չէին կարողանում օգտվել հատկացվող աջակցությունից։ Անուշ Անաստասյանի դուստրը՝ Արմինե Վանյանը, մեզ տեղեկացրեց, որ արդեն հաջողվել է դիմումը մուտքագրել համակարգ, սպասում են պատասխան ծանուցման։

Մյուս՝ երկամսյա աջակցության որոշումը Կառավարությունն ընդունել է նոյեմբերի 9-ին։ Այն նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների առաջնային սպառողական ծախսերի համար։ Չնայած, որ այս որոշմամբ ի սկզբանե էլ սահմանվել էր, որ ծրագրի շահառու են նաեւ այն բռնի տեղահանվածները, որոնք սեպտեմբերի 19-ից հետո են հաշվառվել Հայաստանում, այնուհանդերձ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորումներում նշված է, որ երկու որոշումներով էլ ՀՀ-ում հաշվառված անձինք ծրագրերի շահառու չեն, ինչը խնդիրներ է առաջացրել 2023 թ սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Նշենք, որ ՀՀ-ում հաշվառում ունենալը բռնի տեղահանվածներին անհրաժեշտ է ՀՀ-ում փախստականի կարգավիճակ, կենսաթոշակ կամ այլ նպաստներ ստանալու համար։ Ստացվում է, որ դրանք ստանալու համար անձը պիտի հաշվառվեր, բայց հաշվառվելու հետեւանքով զրկվում էր աջակցության ծրագրերից։

Նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը մեր զրույցում ասաց, որ նախագծում երկրորդ որոշման մասին հիշատակումը տեխնիկական է, եւս մեկ անգամ ընդգծվել է, որ երկու որոշումների համար էլ նույն կարգավորումն է գործելու։

Այսինքն՝ այսուհետ մինչեւ սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառված բռնի տեղահանված անձինք հիշյալ երկու ծրագրերի շահառու չեն, իսկ սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվածները շահառու են։

Այնուհանդերձ, «մինչեւ սեպտեմբերի 19-ը» պայմանի նախատեսումը կարող է խնդրահարույց լինել այն արցախցիների համար, որոնք տարիներ առաջ ինչ-ինչ պատճառներով հաշվառվել են Հայաստանում, սակայն շարունակել են ապրել Արցախում եւ բռնի տեղահանվել են իրենց տներից։ Մեր հարցին, թե ինչ հիմնավորմամբ է նման ելակետ ընդունվել, Զառա Մանուչարյանը պատասխանեց «Եթե հաշվառման սահմանափակումը չլինի, հնարավոր է, որ ծրագրերից կարողանան օգտվել ոչ թիրախային խմբի շահառուներ, իսկ այս ծրագրերի նպատակն է օգնել նրանց, որոնք եղել են ԼՂ-ում եւ բռնի տեղահանվել են 2023 թ-ի ընթացքում»,- նշեց նա։ Հայաստանում հաշվառված եւ մշտական բնակություն հաստատած արցախցիների դեպքում այդ տրամաբանությունը հասկանալի է, սակայն սեպտեմբերի 19-ից առաջ Հայաստանում հաշվառված եւ Արցախում մշտապես բնակված անձինք, որոնք եւս փաստացի բռնի տեղահանվել են, դուրս են մնալու ծրագրերից։

Մինչեւ վերջերս վեցամսյա աջակցության ծրագրից Հայաստանում հաշվառվածներից բացի օգտվել չէին կարող նաեւ նրանք, որոնք բնակվում էին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում։ 

Նախարարության առաջարկով այս անձինք եւս դարձել են վեցամսյա աջակցության ծրագրի շահառու՝ դարձյալ բացառությամբ նրանց, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից առաջ։ 

Մյուս՝ երկամսյա աջակցության ծրագրում ի սկզբանե նշվել է, որ այն անձինք, որոնք 2023 թ․ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում, ծրագրի շահառու չեն։

Հաջորդ փոփոխությունն էլ վերաբերում է գումարի տրամադրման եղանակին։ Վեցամսյա աջակցության ծրագրից Կառավարությունը հանել է այն կանխիկ եղանակով տրամադրելու կարգավորումները եւ սահմանել, որ կանխիկ եղանակով վճարումները «Հայփոստ»-ի միջոցով կատարվելու են մինչեւ 2023 թ դեկտեմբերի 1-ը, իսկ չվճարված գումարը մինչեւ 2023 թ դեկտեմբերի 8-ը վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե ։

Երկամսյա աջակցության ծրագրով ի սկզբանե նախատեսված է եղել, որ գումարը վճարվում է անկանխիկ՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

Փոփոխությունների այս նախագիծը ներառված է եղել Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։ Գործադիրը միաձայն ընդունել է այն։

Հավելենք, որ հիշյալ դրամական աջակցությունը ստանալու համար բռնի տեղահանված անձինք պետք է էլեկտրոնային եղանակով՝ socservice.am հարթակում ներկայացնեն մեկանգամյա դիմում։ 50 հազարական վեցամսյա աջակցության համար այն կարող է ներկայացվել 2023 թ․ նոյեմբերի 1-ից 2024թ․ մարտի 15-ը ներառյալ, իսկ 50 հազարական երկամսյա աջակցության համար՝ այս տարվա նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ։

Բռնի տեղահանված այն անձինք, որոնք այս գործընթացում որեւէ խոչընդոտի կհանդիպեն, կարող են դիմել «Ինֆոքոմ»-ի խմբագրություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝  041 46 36 26, էլեկտրոնային հասցեով` [email protected] կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։ 

 

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Լուսանկարում՝ Գորիսի հաշվառման կետը, 25-ը սեպտեմբերի, 2023 թ․


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել