«ՀՀ-ն ոլորտը կարգավորող ակտ չունի». ինչի՞ հիման վրա են մեղադրանք առաջադրել ռաֆթինգ կազմակերպող ընկերության տնօրենին
 |azatutyun.am|
21:36 - 27 նոյեմբերի, 2023

«ՀՀ-ն ոլորտը կարգավորող ակտ չունի». ինչի՞ հիման վրա են մեղադրանք առաջադրել ռաֆթինգ կազմակերպող ընկերության տնօրենին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում էքստրեմալ տուրիզմը կարգավորող որևէ օրենք չկա, բայց գոյություն չունեցող իրավական պահանջները խախտելու համար մեղադրանք է առաջադրվել Դեբեդ գետի վրա ռաֆթինգ կազմակերպող ընկերության տնօրեն Վարդուհի Անանյանին, պնդում է վերջինիս փաստաբանը։

Անանյանը մեղադրվում է 31-ամյա հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան համար, որն անցած տարի նավարկելու ժամանակ ընկել էր գետն ու խեղդվել։ Ռետինե նավակում նկարահանող խմբից բացի, նաև հրահանգիչ է եղել, որը փորձել, բայց չէր կարողացել փրկել Արմինեին։

Ավելի քան մեկ տարվա փորձաքննությունից հետո Քննչական կոմիտեն եզրակացրել է. - «Տնօրենը ռաֆթինգ է կազմակերպել Դեբեդ գետի վարարման ընթացքում, որպես ռաֆթի թիմի անդամներ ներգրավել է սիրողական անձնակազմ, նավարկելուց առաջ Ճաղարյանի հետ անվտանգության գիտելիքների ստուգում և հրահանգավորում չի կատարել»։

«Վիզիթ Լոռի» ընկերության տնօրեն Վարդուհի Անանյանի փաստաբանն աբսուրդ է համարում մեղադրանքը, նշելով, ռաֆթինգ կարելի է կազմակերպել միայն վարար գետի վրա։ Դա էքստրեմալ սպորտաձև է և Հայաստանում օրենքով սահմանված չափորոշիչներ ու պարտադիր պահանջներ չկան, ասում է Արտակ Ոսկանյանը։

«Էքստրեմալ սպորտի իմաստն այն է, որ դա էքստրեմալ է, կյանքի, առողջության համար վտանգավոր է: Ոչ վարար գետում ռաֆթինգ չի լինում, դրա անունն արդեն ռաֆթինգ չի», - նշեց Ոսկանյանը՝ նշելով. - «Հայաստանի Հանրապետությունը էս ոլորտը կարգավորող ընդհանրապես որևէ ակտ չունի»:

Քննիչները նշել են, թե էքստրեմալ տուրիզմ կազմակերպող ընկերությունը խախտել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հրամանը։ Այն ռուսերեն բովանդակությամբ աշխատանքային անվտանգության ստանդարտների մասին է, ինչ-որ ԳՕՍՏ, որը հաստատված է ԱՊՀ միջպետական խորհրդի կողմից։ Այդ ստանդարտները Հայաստանում պարտադիր կիրառելի դարձնելու համար պետք է ընդունվեն իրավական նորմեր, օրենքներ, որոնք մինչև այսօր գոյություն չունեն, պնդում է փաստաբան Արտակ Ոսկանյանը։

«Նորմատիվ իրավական ակտ կարող են ընդունել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմինները, բաժնետիրական ընկերությունը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չի, ինքը չի կարող ընդունել նորմատիվ իրավական ակտեր, և որ իրա ակտերը պարտադիր լինեն բոլորի համար», - ընդգծեց փաստաբանը:

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից այսօր հաստատեցին, իրենց սահմանած չափորոշիչները կամավոր կիրառման համար են։ ԳՕՍՏ-ի ռուսերեն տեքստում այդպես էլ նշված է։ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեից էլ նշեցին, որ Հայաստանում իսկապես ոլորտը կարգավորող օրենսդրություն չունենք։ Կառավարությունը միայն վերջերս է նման մի նախագիծ հաստատել, որն Ազգային ժողովում առաջին ընթերցում կանցնի դեկտեմբերի սկզբին։

Ավելի մանրամասն՝ azatutyun.am- ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել