Ինչպես արդեն հայտնել ենք, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Ավագանու արտահերթ նիստին մասնակցում է 14 անդամ՝ 13-ը ՔՊ խմբակցության անդամներն են, 1-ը՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից դուրս եկած և ավագանու անկախ անդամ։
Գաղտնի քվեարկության ավարտից հետո նիստերի սենյակ մտավ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ներս մտավ նաև Մեսրոպ Առաքելյանը։ Թամազյանը նշեց, որ նիստը սկսել են օրենքի խախտմամբ, քանի որ պետք է 30 րոպե սպասեին, մինչ համայնքապետը կամ տեղակալը գային, և հետո միայն նրանց չգալու դեպքում նիստը կվարեր ավագ անդամը։
Հետո Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները դուրս տարան Առաքելյանին։
Նշենք, որ սենյակում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս և Թամազյանի միջև ևս լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին։ Ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։
Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավեր։ Այժմ ավագանու անդամները նորից են քվեարկում։
Քաղաքացիները համայնքապետարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում՝ նշելով, որ դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու գործըթնացին։ Ըստ ՔՊ-ի՝ բնակիչները հավաքվել են վարչական ռեսուրսի գործադրմամբ։
Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։
Լուսանկարում՝ Արկադի Թամազյանը
comment.count (0)