Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանը կմնա կալանավորված։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշել է մեկ ամսով երկարաձգել Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետը։
Տեղեկությունը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնեց Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը։ Վերջինս նշեց, որ որոշումը դեռ չեն ստացել եւ հիմնավորումներին ծանոթ չեն, ստանալուց հետո պատրաստվում են այն բողոքարկել։
Աբրահամյանի գործով դատական նիստերը վերջին շրջանում անցկացվում են դռնփակ։ Դատարանն ի սկզբանե նման որոշում էր կայացրել՝ պայմանավորված նրանով, որ հետազոտվելու էին պետական գաղտնիք համարվող փաստաթղթեր, ավելի ուշ, սակայն, որոշեց դրան հաջորդող վկաների հարցաքննությունները եւս անցկացնել դռնփակ, քանի որ քննարկվելու էին այդ փաստաթղթերին առնչվող հարցեր։
Ըստ այդմ, արդեն իսկ հարցաքննվել են 44-օրյա պատերազմի ժամանակ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Պաշտպան Արման Թամրազյանի գնահատմամբ՝ նրանց ցուցմունքներով մեղադրանքը լիարժեք հերքվել է։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 2-ին։
Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։
Սեպտեմբերի 27-ին հարձակում գործելով՝ հակառակորդը հնարավորություն է ունեցել ժամերի ընթացքում ճեղքել պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք դիտակետերի պաշտպանությունը եւ մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի հետաւքնով հոկտեմբերի 2-ին Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Սեւակ Աբրահամյանը կալանավորված է 2022 թ․ հուլիսի 29-ից։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)