Գագիկ Գինոսյանին հրաժեշտ տվեցին ծափողջույններով և «Յարխուշտա»-ով
 |armenpress.am|
14:58 - 09 փետրվարի, 2024

Գագիկ Գինոսյանին հրաժեշտ տվեցին ծափողջույններով և «Յարխուշտա»-ով |armenpress.am|

armenpress.am: Երևանի Կամերային երաժշտության տանը հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին կյանքից անժամանակ հեռացած «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Գինոսյանն ամբողջանվեր հայ մարդ էր, ում համար հայրենիքն ու պետությունը, Հայաստանն ու հայությունը, Սիփանն ու Խուստուփը մեկ ամբողջություն էին՝ անբաժան ու անբեկանելի: 

«Նա իր կյանքը տվեց մեր հայրենիքին, նրա պաշտպանությանը, հանրակրթությանը, մշակույթին և ամենօրյա պայքարով փաստորեն, որպես մեծն Նժդեհի հետնորդ, որպես ազգի և հողի միասնության ջատագով ու ռահվիրա, օրինակ տվեց մեծին ու փոքրին, հատկապես նոր սերնդին։ Կյանքը շարունակողներս արժանի լինենք մեծն Գագիկի հիշատակին, ում համար հերոս բառը շատ ընտրովի և մասնակի կհնչեր, մարդ, ում կյանքը հայրենիքի հետ էր, նրա մեջ և նրա համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Հազարավոր հայրենակիցների մեջ էր նաև ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Գինոսյանը ճիշտ այն տեսակն էր, որ մեզ այսօր պետք է առավել, քան երբևէ։  

«Գինոսյանը վարում էր ռադիոհաղորդաշար շատ հետաքրքիր վերնագրով՝ «Հայու տեսակ»։ Թեև խոսում էր ուրիշների մասին, բայց նա ինքն էլ հենց այդ տեսակն էր մարմնավորում։ Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր ընկավ հայոց կաղնիներից մեկը, որովհետև այսքան հանրային ճանաչում ունեցող, այսքան ազգային նկարագրով մարդ կյանքում շատ քիչ ենք տեսել։ Գագիկ Գինոսյանն իսկապես եզակի երևույթ էր։ Նրա հետ ունեմ քսանհինգ տարվա մտերմություն։ Որտեղ ասեք, հանդիպել ենք՝ Լոս Անջելեսից մինչև Եվրոպա, Ռուսաստանի զանազան քաղաքներում և, իհարկե, Արևմտյան Հայաստանում ու Արցախում։ Չեմ պատկերացնում այդ տեսակի մեջ տեղավորվող մի հայ մարդ, ով չճանաչեր Գինոսյանին։ Մի՞թե մարդ կարող էր միս և արյուն լինելով՝ այդքան հայկականություն պարունակել իր մեջ, այդքան պաշտել Հայրիկ Մուրադյան, Լեոնիդ Ազգալդյան, և վերջապես Գարեգին Նժդեհ։ Ձեռքի տակ ուներ Նժդեհին վերաբերող մի քանի գրքեր, դրանց էջերն արդեն քրքրվել էին, նա անգիր գիտեր բազմաթիվ թևավոր խոսքեր Նժդեհից։ Այս ծանր պահին տեսնում եմ միայն մեկ մխիթարություն։ Հետևորդների, իր ստեղծած դպրոցի սաների ահռելի բանակը, որում գերակշռում են երիտասարդները, վերստին ծլարձակելու է՝ որպես գինոսյանական տեսակ»,- ասաց Մելքոնյանը։

Առավել հուզիչ էր այն  պահը, երբ վաստակաշատ արվեստագետի աճյունը դուրս բերելիս՝ նրա սաներն աննկարագրելի ոգևորությամբ պարեցին «Յարխուշտա»։ Հազարավոր մարդիկ ծափողջույններով ճանապարհեցին Գագիկ Գինոսյանին, իրենց որակմամբ՝ Հայոց պարի սպարապետին, ում մարմինն ամփոփվեց Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին։     


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել