Նախկին և ներկա պաշտոնյաներն ու քրեական պատմությունների դերակատարները՝ Դիլիջանի անտառների վարձակալներ |hetq.am|

11:21 - 06 հունվարի, 2020

hetq.am:  Մաս 2

«Հետք»-ը շարունակում է ներկայացնել Դիլիջան ազգային պարկի վարձակալներին։ Դիլիջանի անտառային հողերից վարձակալ են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի որդին, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ընտանիքը, ԱԺ նախկին պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանը, Արայիկ Գրիգորյանը, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Արկադյա Բալայանը, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մտերիմը, Երևանի քաղաքապետարանի նախկին գլխավոր քարտուղարը, ՌԴ-ում պաշտոնյա և հայազգի գործարար Արամ Սուվարյանը, քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գործով անցնող վկան, Թեղուտ գյուղի նախկին գյուղապետի որդին և այլք։

Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները․ Մաս 1

Աշոտ Ղուլարյանը 2007թ․ հանգստի կազմակերպման նպատակով վարձակալել է 0,15 հա տարածք՝ 25 տարի ժամկետով։ Դրա դիմաց վճարում է տարեկան 45 հազար դրամ։ Վարձակալած տարածքը գտնվում է Հաղարծինի վանական համալիրի մոտ գտնվող նախկին ճոպանուղու կիսավեր շենքի դիմաց։ Վարձակալած տարածքի՝ խորհրդային տարիներին կառուցված շինությունն այսօր անմխիթար է, կիսաքանդ վիճակում։ Աշոտ Արմենի Ղուլարյանը Իջևանի նախկին քաղաքապետ, այնուհետև՝ 15 տարի (1999-2014) Տավուշի մարզպետի պաշտոնը զբաղեցրած, իսկ այժմ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի որդին է։

«Ամարան-մեդ» ՍՊԸ-ն 2007թ.-ից 25 տարի ժամկետով վարձակալել է Դիլիջան ազգային պարկի անտառային հողերից 1 հա-ն՝ տարեկան 115 հազար դրամ վարձավճարով։ Ընկերություն 34 % բաժնեմասը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի կնոջը՝ Մանուշակ Երիցյանին։ Ընկերության վարձակալած տարածքը պատված է սոճիներով, գտնվում է Դիլիջանի ոլորաններից դեպի Կոմպոզիտորների ստեղծագործական տան ճանապարհին։ Վարձակալած տարածքում որևէ գործունեություն չի ծավալվել։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը «Ամարան-մեդ» ՍՊԸ-ի վարձակալած տարածքի հարևանությամբ 0.5 հա հողակտոր է վարձակալել տարեկան 100 հազար դրամ վարձավճարով։ Նախորդիվ գրել էինք, որ ԱԺ նախկին պատգամավորը Դիլիջան ազգային պարկի տարածքից 3 հողակտոր է վարձակալել, որոնցից մեկը գտնվում էր Դիլիջանի կենտրոնից Պարզ լիճ տանող ճանապարհին։ Ալեքսան Պետրոսյանի վարձակալած երրորդ հողակտորը գտնվում է Կենտրոնական բանկի՝ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի հարևանությամբ։ Երրորդ հողակտորը 0.38 հա է, որի համար վճարվում է տարեկան 57 հազար դրամ։ Այդ հողակտորը նույնպես չի օգտագործվում, պարզապես բոլոր կողմերից մետաղական ցանցով առանձնացված է։

Արայիկ Գրիգորյանը, նույն ինքը՝ ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի Ավշարի Արայիկ անվամբ, 2007 թվականին 45 տարի ժամկետով վարձակալել է 0,7 հա տարածք հանգստի կազմակերպման նպատակով։ Տարեկան վարձավճարը 108 հազար դրամ է։ Հիշեցնենք, որ Արայիկ Գրիգորյանը, սկսած 2003-ից, 3 անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր և վարձակալության ժամանակ նույնպես եղել է պատգամավոր։ Վարձակալված տարածքում որևէ գործունեություն մինչ օրս չի իրականացվել։

Արկադյա Բալայանը Դիլիջան ազգային պարկից՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնի հարևանությամբ, 0.4 հա հողակտորի վարձակալության իրավունք է ստացել հանգիստի կազմակերպման նպատակով, որի համար վճարում է տարեկան 61 հազար դրամ։ Նա այդ տարածքի նկատմամբ իրավունքը նախորդ վարձակալից՝ «Վիտար» ՍՊԸ-ից, նվեր է ստացել 2011թ․ մայիսին։ «Վիտար» ՍՊԸ-ի գործունեությունը 2016-ից դադարեցված է։ Արկադյա Բալայանը ԴԱՀԿ պետն էր մինչև 2006 թվականը, իսկ դրանից առաջ ՀՀ մաքսային ծառայության և ոստիկանության գնդապետ է եղել։ Մասնավորապես՝ զբաղեցրել է Լոռու տարածաշրջանի մաքսատան պետի, այնուհետև՝ Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնները։

Արմեն Խաչատրյանը 2007-2060թթ․ Դիլիջան ազգային պարկի Հաղարծինի տեղամասում երկու տարբեր անտառային հողակտորներ է վարձակալել՝ 1,5 և 0,75 հա չափով, որոնց դիմաց տարեկան վճարում է 620 հազար դրամ։ Նա Բնապահպանության նախկին նախարար, այնուհետև ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի մտերիմն է, և կաշառքի գործով անցնող մեղադրյալներից մեկն է, ում միջոցով, ըստ մեղադրանքի, կաշառքը փոխանցվել է Արամ Հարությունյանին։ Արմեն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը։ Դիլիջան ազգային պարկն այս տարի դիմել է դատարան գումարի բռնագանձման և պայմանագիրը վաղաժամ լուծելու հայցով, սակայն դատարանը հայցադիմումը հետ է վերադարձրել։

Նյութն ամբողջությամբ՝ hetq.am:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել