Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև
11:41 - 10 մարտի, 2024

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 9-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդունել են ստորև ներկայացված համատեղ հայտարարությունը.

«2024 մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Թեհրան՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերիի հրավերով՝ երկու նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող ամենակարևոր հարցերը։ 

Գոհունակությամբ արձանագրելովերկկողմ զարգացող հարաբերությունները ՝ կողմերն ընդգծել են հարաբերությունների խորացման կարևորությունը և փոխգործակցության մակարդակի խթանումը։ 

Վկայակոչելով փետրվարի 14-15 Թեհրանում կայացած Համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի 18-րդ նիստը՝ կողմերն ընդգծել են դրա արդյունքներով ստորագրված արձանագրությունում հիշատակվող պայմանավորվածությունների իրագործումը խթանելու անհրաժեշտությունը։ 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ կողմերն ընդգծել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հարցերի լուծման կարևորությունը՝ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային կապակցվածությունն ու Հարավային Կովկասում համագործակցությունն ամրապնդելու համար։ 

Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը։ 

Կողմերն ընդգծել են երկու նախարարությունների միջև տարբեր ոլորտներին և տարբեր մակարդակներում կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու կարևորությունն ու պայմանավորվել են նախարարի տեղակալների մակարդակով հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Հայաստանում առաջիկա վեց ամիսների ընթացքում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել