Քննարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար նաև սոցիալական բնակարաններ կառուցելու հարցը
21:05 - 21 մարտի, 2024

Քննարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար նաև սոցիալական բնակարաններ կառուցելու հարցը

Կառավարությունը քննարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
 
Նշվում է, որ սոցիալական բնակարաններ կտրամադրվեն հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիներին, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարող տուն կառուցել:
 
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկումը տեղի է ունեցել այսօր։ Մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և տեղահանվածներ ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև Երևանից։
 
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նշել է, որ բնակարանային ապահովման աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով։
«Առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները»,– ասել է նա։
Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ այն ընտանիքները, որոնք առաջին փուլից հետո կշարունակեն սպասել բնակարանի իրենց հերթին, կօգտվեն պետության աջակցությունից։
Բնակապահովման նպատակով աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ (առանձին բնակավայրերի դեպքում նախատեսվածից ավել):
 
Եվս մեկ անգամ նշվել է, որ բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել