Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել են մի շարք երկկողմ համագործակցության փաստաթղթեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև:
Ոլորտային երկկողմ փաստաթղթերի վավերացմանը նախորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև համատեղ հայտարարության ստորագրումը՝ երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, կատարելագործման և բովանդակային համալրման նպատակով:
Ստորագրված համատեղ հայտարարությունում, ի թիվս այլ հարցերի, նշված է նաև, որ կողմերը պարտավորվում են համակողմանիորեն նպաստել մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում շփումների ընդլայնմանը, աջակցել մշակույթի և արվեստի կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվության միջոցների միջև ուղիղ կապերի հաստատմանը, ինչպես նաև կազմակերպել «Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի օրեր 2024թ.» և «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի մշակույթի օրեր 2025թ.» միջոցառումները:
Նախատեսվում է նաև աջակցել մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը, այդ թվում՝ երկու երկրների տարածքում ապրող էթնիկ խմբերի լեզվական, մշակութային և կրոնական ինքնատիպությունը խթանելու միջոցով: Նախատեսվում է ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին:
Կողմերը նաև դրական են գնահատել Երևանի պետական համալսարանի Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությունը: Երկուստեք ընդգծվել է նաև Լ.Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրության և տարածման նպատակով մշակութային հարթակի գործարկման կարևորությունը:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ վերջինիս են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն և օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն հին ձեռագրերը:
comment.count (0)