armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ և պետք է պայմանավորվեն, թե սահմանազատումից հետո ծառայությունը ոնց են իրականացնում:
Նիկոլ Փաշինյանն այս մասին վստահեցրեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:
Անդրադառնալով հարցին, թե բանակն ինչ գործառույթ է իրականացնելու՝ վարչապետն ասաց. «Սահմանը հանձնվելու է սահմանապահներին: Ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ և պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնում»:
Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, ապա, ըստ Փաշինյանի, դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է: Վարչապետն այլ փակագծեր չբացեց:
Անդրադառնալով Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում առկա ռուսական հենակետերը հանելու վերաբերյալ հարցին՝ վարչապետը պատասխանեց. «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են այլ իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է, որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առանջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն»:
Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։
Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։
comment.count (0)