Պետական դավաճանության հոդվածով քանի՞ դատապարտված կա․ Փաշինյանի ասուլիսի հետքերով
 |civilnet.am|
09:48 - 09 մայիսի, 2024

Պետական դավաճանության հոդվածով քանի՞ դատապարտված կա․ Փաշինյանի ասուլիսի հետքերով |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 2020-ից հետո պետական դավաճանության հոդվածով հարուցված գործերին։

«2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության հոդվածով, տասնյակներ ձերբակալվել են, կալանավորվել են և ենթադրում եմ՝ նրանց մեծ մասն արդեն դատապարտյալի կարգավիճակ ունի»,- պնդում արեց նա։

Լրագրողը վարչապետին հարց ուղղեց, թե ինչպես է ստացվում, որ քաղաքական իշխանությունն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է դավաճանների, գործակալների մասին, որոնք գործում են ՀՀ շահերի դեմ, սակայն իրավապահ համակարգը դրանց հիման վրա վարույթներ չի նախաձեռնում՝ դրանք որակելով քաղաքական հայտարարություններ։

Պետական դավաճանության հոդվածով վարույթները՝ 2020-ից ի վեր

Դատախազությունից ստացված տվյալների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական

դավաճանության դեպքերով 2020 թվականին հարուցվել էր մեկ քրեական գործ, որի նախաքննությունը փոխանցվել է 2021 թվական:

2021 թվականի ընթացքում քննվել էր չորս գործ, որոնք մեղադրական եզրակացությամբ դատարան էին ուղարկվել։ Դրանցով դատի էր տրվել 5 անձ, որոնցից 4-ը գտնվել են կալանքի տակ:

2022 թվականի ընթացքում ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հոդվածով քննվել է 17 քրեական վարույթ, որից 10 քրեական գործ 17 անձի վերաբերյալ, որոնք գտնվել են կալանքի տակ, ուղարկվել է դատարան:

Նշենք, որ մինչև 2022-ի վերջ դատարան ուղարկված քրեական գործերով

օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր առկա չէին։

2023 թվականի ընթացքում քննվել է պետական դավաճանության դեպքերի առթիվ նախաձեռնված 16 քրեական վարույթ, որից 1 քրեական վարույթ կարճվել է արդարացնող հիմքով: 3 քրեական վարույթ 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Նույն տարում դատարանում ավարտվել է 2 քրեական գործ 2 անձի նկատմամբ։ Կայացված մեղադրական դատավճիռներով վերջիններս դատապարտվել են ազատազրկման։

Ինչ վերաբերում է 2024-ին, ապա մայիսիի 8-ի դրությամբ պետական դավաճանության հոդվածով նախաձեռնվել է 2 քրեական վարույթ։

«Ներկայումս նախաքննություն է իրականացվում երեք քրեական վարույթներով։ 2024 թվականի դրությամբ դատարաններում քննվում են պետական դավաճանության հոդվածով (Քրեական օրենսգրքի 418-րդ հոդված, նախորդ օրենսգիրք՝ 299-րդ) նախաձեռնված 15 քրեական գործ),- նշված է դատախազության պատասխանի մեջ։

2024-ի ընթացքում դատարանում ավարտվել է 1 քրեական գործ՝ կայացվել է մեղադրական դատավճիռ։

Այսպիսով, վերջին չորս տարիներին պետական դավաճանության հոդվածով նախաձեռնվել է շուրջ երեք տասնյակ քրեական վարույթ, շուրջ 20 վարույթ՝ ավելի քան 25 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Մինչդեռ, մինչ օրս դատարաններում ավարտվել է միայն երեք գործ, որոնցով երեք անձ մեղավոր է ճանաչվել։

Վարչապետի ենթադրությոնը, թե պետական դավաճանության հոդվածով մեղադրվող անձանց մեծ մասն արդեն ունի դատապարտյալի կարգավիճակ, սխալ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել