armenpress.am: Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում:
Նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
«Իմ կարծիքով՝ մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչ մենք անվանել ենք անվտանգություն, բավականին վտանգավոր է եղել: Անունը դրել ենք անվտանգություն, բայց այդ անվտանգության ապահովումը՝ մեր ընկալմամբ, փորձել ենք իրականացնել նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով»,- ասաց վարչապետը:
Նա կարևորեց արձանագրել, որ անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Խաղաղությունն է, որ կարող է ապահովել անվտանգություն:
«Անվտանգության այն կոնցեպտը, որը մենք մինչև այժմ իրականացրել ենք, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա նույնպես իրական Հայաստանի և ոչ իրական Հայաստանի հայեցակարգերի միջև ընկած ճեղքումն է:
Բարեկեցությունը, ըստ նրա, ևս բավարար չէ:
«Ի՞նչ է նշանակում բարեկեցություն. եթե շատ սաղմնային մակարդակում նայենք, մարդն ունի շոր, սնունդ, աթոռ, որոշակի նյութական կարիքներ ապահովելու և բավարարելու հնարավորություն: Դա մեզ պե՞տք է բավարարի: Ոչ, ես կարծում եմ, որ չպետք է բավարարի: Այդ բոլոր պայմաններն ապահովելով՝ մարդը կարող է լինել ոչ երջանիկ: Հետևաբար, բարեկեցությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է երջանկություն»,- նշեց նա:
comment.count (0)