2024 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 12:52-ին,հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, «Դիլիջան» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել ինքնությունը չպարզված քաղաքացի:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մարմնական վնասվածք ստացած անձի ինքնությունը, ով Դիլիջան քաղաքի 51-ամյա բնակիչ է. վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։
«Պարզվել է նաև տուժողին հիվանդանոց տեղափոխած անձի ինքնությունը, ով վերջինիս 41-ամյա համաքաղաքացին է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է 51-ամյա տղամարդու սպանության դեպքը:
Քննությամբ պարզվել է դեպքի վայրը, ինչպես նաև՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, որոնցից մեկը տուժողին հիվանդանոց տեղափոխած վերոհիշյալ անձն է, մյուսը նույնպես Դիլիջան քաղաքի բնակիչ է՝ 46 տարեկան, իսկ երրորդը Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ է: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հանցանք կատարած լինելու ծագած հիմնավոր կասկածի հիմքով, հիշյալ երեք անձինք ձերբակալվել են և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին:
Պարզվել է, որ նույն միջադեպի ընթացքում կրծքավանդակի աջ կեսի շրջանում կտրած ծակած վերքով վնասվածքներ է ստացել նաև 46-ամյա տղամարդը, ով բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել է բժշկական կենտրոն, վնասվածքներ են հայտնաբերվել նաև Երևան քաղաքի 38-ամյա բնակչի մարմնին։
Այդ առթիվ ևս ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել են առանձին քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին:
Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ձերբակալվածները, դեպքի մասնակիցների հարազատները, ինչպես նաև՝ ականատես վկաներ:
Դեպքի վայր հանդիսացող Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցում գտնվող կիսակառույց եկեղեցու մոտ՝ անտառի սկզբնամասում կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ծալովի դանակ, ալկոհոլային խմիչքների ապակյա շշերի կոտրած կտորներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ:
Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությամբ ձեռնարկված ապացուցողական գործողություններով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, անհատականացվել միջադեպին մասնակից անձանց գործողությունները:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցի կիսակառույց եկեղեցու մոտ՝ անտառի սկզբնամասում՝ տաղավարում, անձնական հարցի շուրջ տարաձայնություն ունենալու շարժառիթով, վիճաբանություն է տեղի ունեցել վերոհիշյալ անձանց միջև, որի ընթացքում 51-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս 46-ամյա համաքաղաքացին իր մոտ եղած դանակով հարվածել է նրա որովայնի առաջային մակերեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
Քննությամբ պարզվել է նաև 46-ամյա տղամարդուն կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը: Վերջինս իր հերթին, 46-ամյա տղամարդուն կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է նրա կրծքավանդակի շրջանին, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել՝ 46-ամյա տղամարդուն ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության շնորհիվ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևան քաղաքի բնակչի նկատմամբ՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրանց մեղադրանք է ներկայացվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Հանցանքի համարմեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:
comment.count (0)