Պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց Նորքի այգին դեռ պատրաստ չէ. քաղաքապետարանը որոշել է տուգանել կառուցապատողին
15:56 - 21 օգոստոսի, 2024

Պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց Նորքի այգին դեռ պատրաստ չէ. քաղաքապետարանը որոշել է տուգանել կառուցապատողին

Մեկ տարի առաջ Տիգրան Ավինյանը, որն այն ժամանակ դեռ Երևանի փոխքաղաքապետն էր,  կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվող այգու մասին։ 

«Այս այգու ամենահետաքրքիր մասն այն է, որ կասկադի կառուցում է լինելու՝ թամանյանական նախագծի մոտիվներով, մոտավորապես 1,4 հա տարածք կանաչապատվելու է»,- մանրամասնեց Ավինյանը։ 

Այգու կառուցման և կանաչապատման աշխատանքների պայմանագիրը կնքվել է «Էլդոգար» ընկերության հետ սեպտեմբերի 11-ին, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնում է Վահրամ Կնյազյան Ա/Ձ-ն, որի հետ պայմանագիր է կնքվել նոյեմբերի 1-ին։ 

Ըստ կապալառուի պայմանագրի 2-րդ հավելվածի՝ պայմանագրով սահմանված աշխատանքները պետք է սկսեին շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի ուժի մեջ մտնելու օրվանից։

Նոյեմբերի 1-ից սկսված աշխատանքները, ըստ կառուցապատողի հետ կնքված պայմանագրի 2-րդ հավելվածի, պետք է ավարտվեին 240 օրացուցային օրվա ընթացքում, այսինքն՝ 2024 թվականի հունիսի 28-ին։ 

Հունիսի 28-ից ավելի քան 1 ամիս է անցել, բայց այգու տարածքում շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել։ 

2024 թվականի ապրիլի 1-ի՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը նշեց, որ պայմանագրով սահմանված աշխատանքների 55 %-ը արված է։ Քաղաքապետի հարցին, թե ինչ ժամկետներում են նախատեսում ավարտել այս աշխատանքները, Գեղամյանը պատասխանեց, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով սահմանված ժամկետներում։ 

«Կանխատեսում ենք, որ ժամկետում կավարտվի շինարարությունը, մեծ թափով ընթանում է»,- վստահեցրեց Գեղամյանը։

Շների զբոսանքի համար նախատեսված հատված, 13.08.2024

Կասկադը վերևից, 13.08.2024

Դեպի եկեղեցի բարձրացող աստիճանները, 13.08.2024

Այգու տարածքը վերևից, 13.08.2024

Ճեմուղի, 13.08.2024

Քաղաքապետարանից հայտնում են, որ պայմանագրով սահմանված ժամկետների երկարաձգման համաձայնագիր չի ստորագրվել, սակայն ժամկետներն ուշացնելու համար տուգանքներ են կիրառվում։ Տուգանքի հստակ չափը, ըստ քաղաքապետարանի, հայտնի կդառնա աշխատանքների ավարտից հետո։ 

«Կապալառու ընկերությունից պայմանագրով սահմանված 6.2 կետի համաձայն՝ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ՝ կատարման ենթակա, սակայն չկատարված աշխատանքի գնի 0.05 տոկոսի չափով»,- նշված է քաղաքապետարանից մեզ տրամադրած պատասխանում: 

Պայմանագրի ժամկետի ավարտի դրությամբ հունիսի 10-ին ներկայացրած կատարողականով կատարված աշխատանքի չափը կազմել է 340 մլն 700 հազար դրամ։ Աշխատանքների ավարտից հետո պայմանագրի ընհանուր գնից կհանվի ժամկետի լրանալու պահին չկատարված աշխատանքի գումարը, կբազմապատկվի 0,05 տոկոսով և ուշացրած օրերի քանակով։ Այդպես էլ կկազմվի տուգանքի չափը։ 

37-րդ աշխատանքային օրն է՝ այգին պատրաստ չէ։ Օգոստոսի 21-ի դրությամբ տուգանքի չափը կազմում է 3 մլն 300 հազար դրամ։ 

Այգու կառուցման և կանաչապատման աշխատանքների ավարտի մասին էլ քաղաքապետարանը հստակ պատասխան չունի. «Ներկայումս ընթանում են աշխատանքներ այգու բարեկարգումը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտելու ուղղությամբ»,- պատասխանել են քաղաքապետարանից։ 

Այգու տարածքում աշխատող շինարարաներն էլ ենթադրում են՝ մեկ-երկու ամսից նոր կավարտեն։ 

 

Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել