ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ այցելել է Արմավիրի մարզում գտնվող խաղողի ազգային կոլեկցիոն այգի: Այցին մասնակցել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Այգին հիմնվել է 2016 թվականին՝ ՄԱԿ ՊԳԿ «Տեխնիկական աջակցություն խաղողի ֆիլոքսերադիմացկուն հավաստագրված տնկանյութի արտադրությանը» ծրագրի շրջանակներում։ Այն Հայաստանում խաղողի միակ ամբողջական կոլեկցիոն այգին է, որտեղ առկա են հայկական խաղողի շուրջ 400 գենոտիպեր։ Վերջին տարիներին հիմնովին վերատնկվել և բարեկարգվել են այգու հենասյուները, նորոգվել է տարածքի ցանկապատը, փոխվել են այգու շարքերի լարերը, պարբերաբար կատարվում են հողի հարթեցման ու փխրեցման և մի շարք այլ աշխատանքներ։
Չու Դոնգյուն և կազմակերպության մյուս անդամները ծանոթացել են այգում կատարված և շարունակական բնույթ կրող բարեկարգման աշխատանքներին։
Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Չու Դոնգյուի գլխավորած պատվիրակությունը եղել են նաև ՄԱԿ ՊԳԿ աջակցությամբ Վեդու թիվ 1 հիմնական դպրոցում հիմնած ջերմատանն ու չրանոցում։
comment.count (0)