2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբին մարտական օպերացիայի ուղեկցող անձնակազմը տեղյա՞կ էր, թե մինչեւ ուր է պետք ուղեկցել․ այս հարցն այսօր երկար քննարկվեց Հակակոռուպցիոն դատարանում։ Ցուցմունք էր տալիս Սյունիք համայնքի նախկին ղեկավար Արթուր Մանուչարյանը։
Նա այն անձն է, որի միջոցով Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահ, գնդապետ Վարդան Ալեքսանյանը իրականացրել է Գլխավոր շտաբի հրամանի կատարումը՝ կազմակերպել զորախմբի ուղեկցումը օպերացիայի տեղանք։
Ըստ կարգադրության՝ տեղանքը Կիրի հանքն էր, որտեղ իջնելու փոխարեն, սակայն, զորախումբը խորացել է մինչեւ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Զանգելան եւ ընկել շրջափակման մեջ։ Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Որոշվել է, որ այդ ճանապարհի մի մասը կուղեկցի Ալեքսանյանի վարորդ Համբարձում Փարամազյանը, մյուս մասը՝ համայնքապետի օգնությամբ գտնված կամավոր Արման Նուրիջանյանը։
Թե՛ Վարդան Ալեքսանյանը, թե՛ նրա վարորդ Համբարձում Փարամազյանը հանքն անցնելն ու Զանգելան հասնելը պայմանավորել են երկրորդ ուղեկցողի՝ Արման Նուրիջանյանի անփութությամբ։ Վերջինս, սակայն, դատարանում հայտարարել է՝ որեւէ մեկը երբեւէ իրեն չի ասել, թե զորքին մինչեւ ուր պետք է ուղեկցեր։
Նուրիջանյանի այս խոսքերն այսօր հաստատեց նաեւ համայնքապետ Արթուր Մանուչարյանը․ «Վարդան Ալեքսանյանը եկավ, ասաց՝ ավտոբուսներ, զինվորներ են գալու, Զանգելանի ճանապարհը պետք է ցույց տաք։ Տեղանքի անուն, որտեղ պետք էր կանգնել, չի ասվել, Կիրի հանքը ոչ մի զրույցի ժամանակ չի եղել»,– պնդեց Մանուչարյանը։
Ըստ վկայի՝ Վարդան Ալեքսանյանը երկու տարբեր հրամաններ է տվել
Հարցաքննության սկզբում հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը վկային խնդրեց պարզաբանել, թե ինքն ինչ կարգով է ներգրավվել զինվորական ծառայության մեջ․ «Որպես վարչական ղեկավար՝ սկզբում մասնակցել եմ թիկունքային աշխատանքների, ունեցել եմ փախստականներ, որոնց տեղավորել եմ․․․ Երբ ընդհանուր բնագծի պաշտպանության անցնելու հրաման եկավ, սահմանամերձ բոլոր գյուղերի վարչական ղեկավարներն այդ պատասխանատվությունը վերցրին իրենց վրա»,– հայտնեց վկան։ Մեղադրողի ճշտող հարցին՝ զորահավաքային կարգով զորակոչվել, հաշվառվե՞լ է՝ վկան պատասխանեց․ «Հաշվառվելը ո՞րն է, զենքը ես եմ ստացել, իմ պատասխանատվության տակ էին։ Որպես զինվորական՝ ամենաքիչը հաշվետու էի համայնքապետին՝ Գեւորգ Փարսյանին»։
Վկա Արթուր Մանուչարյանը պատմեց, որ դեպքի նախորդ գիշերը ինքը՝ իր 10-հոգանոց ջոկատով, գտնվել է իրենց պաշտպանության տեղամասում, երբ Վարդան Ալեքսանյանը եկել, ինչ–որ անհասկանալի առաջադրանքից է խոսել․ «Գիշերը 1-2-ի կողմերը ինձ արթնացնում են, ասում են՝ Վարդանն է եկել․․․ Վարորդի հետ էր․․․ Ասում եմ՝ ի՞նչ կա, ասում է՝ մարդ է պետք, պիտի գնանք Զավալ (տեղանք է՝ չհասած Կիրի հանք,–հեղ․)․․․ Այնտեղ ականապատում են թե ականապատել են՝ լավ չհասկացա։ Ասացի՝ ես սակրավոր չեմ, տղաներն էլ չեն»,– հայտնեց վկան։
Դատավոր Սարգիս Դադոյանը
– Վարդան Ալեքսանյանի ասելով՝ այդ պահի՞ն էր պետք թե՞ առհասարակ,– հետաքրքրվեց մեղադրողը։
– Չասաց, ես չեմ հասկացել։
– Նա սթա՞փ էր։
– Երեւի հա, բայց․․․ Ես հասկացա, որ ճիշտ չի բացատրում, միտքը հստակ չէր։ Հարցին, թե ինչ պիտի անեինք, տարբեր կերպ պատասխանեց, եւ իմ մոտ առաջացավ կասկած։ Ասացի՝ տղաներից ոչ ոք չի շարժվում, ես կգամ, բայց վառելիք չունեմ, տուր, կգամ։ Գնաց–եկավ, գնաց–եկավ, թողեց, գնաց։
Ըստ վկայի՝ այդ խոսակցությունից մոտ կես ժամ անց Ալեքսանյանը նորից եկել է՝ արդեն նոր առաջադրանքով․ «Ժամը 3-ի կողմերը եկավ, բա ավտոբուսներ են գալու, զինվորներ են գալու, Զանգելանի ճանապարհը պիտի ցույց տաք»,– մեջբերեց Ալեքսանյանի խոսքերը։
Դատավարության մասնակիցները խնդրեցին պարզաբանել՝ ինչ է նշանակում ճանապարհը ցույց տալ․ «Ինձ թվաց՝ տղաները, ովքեր գալիս էին, իրենց հանձնարականը պիտի իմանային, սպա գոյություն ունի ի վերջո․․․ Ես պիտի քշեմ, տանեմ, ճանապարհը ցույց տամ․․․ Բայց դա էլ մեկ գիծ էր, տարբեր տեղ դուրս գալու տարբերակ չունես»։ Ի պատասխան դիտարկմանը, որ ուղեկցելը ունենում է սկզբնակետ եւ վերջնակետ, վկան ասաց․ «Իրենք տեղը գիտեին, իրենք ունեին հրաման, թե ինչ միջոցառում պիտի անեին։ Եթե ես լինեի ուղեկցողը, եթե չունենայինք տեխնիկական այդ խնդիրը, գուցե ճանապարհին շատ բան հասկանայի, փոխեի, գուցե եւ չիմանայի, գուցե եւ իմ ծնողն էլ էստեղ նստած լիներ»։
– Իրենք՝ ովքե՞ր,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։
– Չենք քննարկել՝ 62 հոգի՞ն թե՞ հրամանատարները, բայց պիտի հրամանատարները [լինեին]։
– Այսինքն՝ հաստատ զինվորները չէին ասելու՝ էստեղ կանգնի կամ էնտեղ կանգնի,– արձանագրեց Ադոյանը։
Համայնքապետի մեքենայի վառելիքի հարցը այդպես էլ չի լուծվել
Քանի որ Մանուչարյանի վառելիքի հարցը չի լուծվել, եւ զինվորները դրանից առաջ՝ լուսադեմին, արդեն ժամանել են, որոշվել է, որ ոչ թե ինքը կուղեկցի, այլ տեղացի Արմանը, որը ճանապարհին ծանոթ էր, եւ որի մեքենան համեմատաբար ավելի սարքին էր։ Ընդ որում, զինվորները եկել են դեղին՝ քաղաքացիական ավտոբուսներով, ինչը, ըստ վկայի, եւս հուշել է, որ վտանգ չկա, հերթափոխի պես մի բան է լինելու։
Ձախից՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը
– Դուք իրավունք ունեի՞ք ԳՇ պետի տեղակալի այդ կարգադրությունը վերահասցեագրելու [Արմանին],– հարցրեց Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը։
– Բոլորն ունեին ստորադաս, եթե ԳՇ պետը ինձ հրամայում է, ես էլ իմ ստորադասին կարող էի հրամայել, պարո՛ն իրավաբան։ Բայց դա հրաման չէր (նկատի ունի՝ իր դիմելը Արմանին,–հեղ․), մենք կանգնած էինք ընկերներով, բոլորս մեկ մարդու նման կատարում էինք աշխատանքներ շատ մարդկանց, այդ թվում՝ գեներալների համար, դա ավելի շատ խնդրանք էր։ Դուք, որպես իրավաբան, իրավական նորմերի մեջ ավելի գրագետ եք, բայց ես մի քիչ ավելի մարդկային առումով եմ այդ ամենը կատարել,– պատասխանեց վկան։
– Պատերազմը բարոյական նորմերով չի վարվում, հարգելի՛ վկա։
– Հրամայել եմ, ասել եմ՝ տանում եք՝ Զանգելանի ճանապարհը ցույց տալու, իրենք տեղը գիտեն,– իր խոսքը վերաձեւակերպեց վկան։
– Եթե վերջնակետի տվյալը չունեք, ուղեկցելը ո՞նց էր ավարտվելու։
– Ուղեկցողի մոտ սպա է նստել, ես տրամաբանել եմ, որ նա․․․
– Եթե սպան տեղանքին ծանոթ չէր, ո՞նց պետք է ուղեկցողին հասկացներ՝ որտեղ կանգ առնել։
– Սպան քարտեզ կարդալ գիտի, չէ՞, հրամանը ստանալու դեպքում քարտեզով տալիս են՝ էս կետում պիտի կանգնես։ Էդ սպան, որ եկել, նստել է ուղեկցողի մոտ, բայց չգիտի իր առաջադրանքը, բա ե՞ս ինչ իմանամ։
Ի պատասխան Արսեն Աբգարյանի հարցին՝ քարտեզի վրա հանքը, որի մոտ պիտի կայանեին, տեսանելի՞ էր, վկան բացասական պատասխան տվեց։
Նա նաեւ նշեց, որ երբ հրամանները տալիս, իրենց հետ մանրամասն չէին քննարկում, եւ քանի որ արտահոսքի խնդիր էլ կար, ինքն էլ հավելյալ հարցեր չի տվել։ Ենթադրեց՝ եթե անձամբ իրականացներ ուղեկցումը, ինքն էլ նույն տեղը կհասներ։
– Երբ ստացել եք խնդիր՝ ուղեկցել Զանգելան, Ձեզ ասե՞լ են՝ ինչ հերթականությամբ,– հարցրեց Անդրանիկ Մակարյանը։
– Ոչ։
– Ստացե՞լ եք խնդիր, որ խումբը պետք է իջնի Կերեն բնակավայրում, որտեղ ոստիկանական հենակետն էր, սպասի հրամանի, դրանից հետո ուղեկցողը գիտի՝ դեպի որ ուղղությամբ տանի։
– Ոչ, չի եղել տենց բան, ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում։
Մանուչարյանի ենթադրությամբ՝ պետք էր, որ իրենք մարտական կորուստ դառնային
Մանուչարյանի վկայությամբ՝ իրենցից հետո տեղակայված էին Զանգելանի ոստիկանները, ԱԻՆ աշխատակիցները, բնակիչները, եւ իր համար տարակուսելի էր, որ տեղանքին ծանոթ այդքան անձինք կային, բայց իրենք պիտի ուղեկցումը կազմակերպեին․ «Այսինքն՝ նույն Վարդանը չէր կարողանո՞ւմ ավելի հարմար տարբերակ գտներ, որ եկավ, կանգնեց մեզ վրա․․․ էդ ո՞նց եղավ, որ Զանգելանի տղաները էդ ճանապարհը չէին կարող ցույց տալ, իմ տղաները պիտի ցույց տային»,– հարց հնչեցրեց վկան։
Ձախից՝ հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը
Ի պատասխան մեղադրողի հարցին, թե ինքը ոնց է դա բացատրում, վկան ասաց․ «Բանակում ասած՝ որպես նորմալ կորուստ պիտի գնայինք, ամենաքիչը իմ ծնողը պիտի էստեղ նստած լիներ, ես այդ եզրահանգմանն եմ գալիս»։
– Այսինքն՝ իրեն պետք էր, որ Դուք մարտական կորուստ լինեի՞ք։
– Ես տենց մտածում եմ, այո։
– Անձնական հարաբերությունները ո՞նց էին Ալեքսանյանի հետ։
– Ես իրեն չեմ էլ ճանաչել։
– Իսկ եթե հարաբերություն չեք ունեցել, ինչո՞ւ պիտի այդպես պետք լիներ։
– Դե, գուցե պատճառն էլ հենց էդ է, որ հարաբերություն չենք ունեցել, գուցե մյուսների հետ ունեցել է անձնական հարաբերություններ։ Օրինակ, ենթադրությունն է էլի։
– Վարդան Ալեքսանյանը ներկայացրել է Ձեզ հետ խոսակցություն, ըստ որի՝ Ձեզ ասել է, որ ուղեկցումը պետք է մինչեւ Կիրի հանք լինի։
– Սուտ է խոսում։
– Եվ ասել է, որ Զանգելան բառը Ձեզ չի ասվել։
– Սուտ է խոսում․․․ Ես գիտեմ հանքի տեղը, Արմանը գիտի, կբացատրե՞ք՝ տրամաբանությունը ո՞րն է, որ եթե ինձ ասած լինեն Կիրի հանք, ես ասեմ՝ չէ, քշի, գնա Զանգելան։ Ամենաքիչը Արմանի համար պատասխանատու էի, ինչո՞ւ պիտի այդպես ասեի։
– Իսկ ըստ Ձեզ՝ ստելու պատճառը կամ տրամաբանությունը ո՞րն էր։
– Չեմ կարող ասել։ Ես 4 տասնյակից ավելի վարդանալեքսանյաններ եմ հանդիպել, գիտեմ, որ կեսից շատը մեծ–մեծ խոսող, «գալչկա» դնող հրամանատարներ էին, մնացածը իրենց հարցրեք։
–Հետագայում երբեւէ չե՞ք զրուցել նրա հետ։
– Ոչ, ոչ էլ ցանկություն ունեմ, միայն առերեսվել եմ, ինձ համար հաճելի չէ։
– Դուք մեղադրո՞ւմ եք Վարդան Ալեքսանյանին։
– Ես չեմ կարող ասել, թող դատավորը մեղադրի․․․ Ամեն կտոր հիշողություն ինձ համար ծանր է, ես չեմ ուզում այս հարցով․․․ Նենց էլ չէ՝ օլիգարխ եմ, Կապանից 700 կմ գալիս–գնում եմ, բայց սա պետք է, սա իմ պարտքն է, դրա համար երրորդ նիստն է՝ այստեղ եմ,– պատասխանեց վկան։
Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 27-ին։
Գլխավոր լուսանկարում՝ վկա Արթուր Մանուչարյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)