Մինչև 2025 թ․ հունվարի 1-ը ուղեվարձի վճարման նոր ձեւեր չեն գործարկվելու
21:00 - 12 սեպտեմբերի, 2024

Մինչև 2025 թ․ հունվարի 1-ը ուղեվարձի վճարման նոր ձեւեր չեն գործարկվելու

Մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը Երեւանում գործարկվելու են միասնական տոմսային համակարգի վճարման միայն երկու ձեւ՝ էլեկտրոնային QR տոմս եւ ֆիզիկական QR տոմս։ 

Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Երեւանի քաղաքապետարանից։

Միասնական տոմսային համակարգի ներդրմամբ քաղաքային իշխանությունն ի սկզբանե վճարման բազմազանություն էր խոստանում։ Այսօր, սակայն, նշում է՝ վճարման մնացյալ ձեւերը նպատակահարմար է կիրառել տարբերակված տոմսային փաթեթների առկայության դեպքում։

Տոմսային փաթեթներն էլ, ինչպես հայտնի է, սկսելու են գործել 2025 թ․ հունվարի 1-ից։

Նախատեսվում է նոր ավտոբուսների մի մասը երթուղի մտցնել մինչ 2025 թ․

2020 թ․-ից քննարկվող եւ 2023 թ․-ից մեկնարկած տրանսպորտային համակարգի այս բարեփոխումը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ ուղեվարձի նոր սակագներ, որը սահմանում է Երեւանի ավագանին, եւ ուղեվարձի վճարման նոր՝ թվային եղանակներ, որն ապահովում է մասնավոր «Թել-Սել» ընկերությունը։

Ի սկզբանե ավագանին որոշել էր, որ ուղեվարձի նոր սակագները սկսելու են գործել 2024 թ․ սեպտեմբերի 1-ից։ Հետագայում, սակայն, այս ժամկետը հետաձգվեց 4 ամսով՝ պատճառաբանությամբ, որ մինչև ավտոբուսների նոր խմբաքանակը չներկրվի Հայաստան, հնարավոր չէ ապահովել համակարգի ամբողջական ներդնումը։

Այդ ժամանակ հայտնի էր պատվիրված եւ ուշացող 171 ավտոբուսների մասին։ Սակայն մեկ ամիս անց՝ հուլիս ամսվա ասուլիսի ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ դրանցից բացի պետք է ձեռք բերել եւս 250 ավտոբուս։

Օգոստոսի 6-ին ուղարկված Գրավոր հարցմամբ՝ խնդրել էինք հայտնել՝ ի՞նչ փուլում են այդ նոր՝ 250 ավտոբուսների ներկրման աշխատանքները, ի՞նչ ժամկետում պետք է Հայաստանում լինեն եւ ի՞նչ ժամկետում դուրս գան երթուղի թե՛ նախկինում հայտարարված 171, թե՛ այս նոր՝ 250 ավտոբուսները։

Երեւանի քաղաքապետարանը հարցմանը պատասխանել է  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված առավելագույն ժամկետի խախտմամբ՝ սեպտեմբերի 11-ին․ «171 նոր ավտոբուսների մասով արդեն իսկ եղել է մամլո հաղորդագրություն առ այն, որ դրանք Հայաստան գալու ճանապարհին են, եւ նախատեսվում է, որ երթուղի կմտնեն մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը։ Ինչ վերաբերում է 250 նոր ավտոբուսներին, ապա այդ մասով հարցը գտնվում է քննարկման փուլում, եւ այս պահին հստակ ժամկետներ չեն կարող տրամադրվել, սակայն դրանք լինելուն պես այդ մասին հրապարակային կհայտարարվի»։

Ինչ վերաբերում է վճարման եղանակների բազմազանությանը, այն ենթադրում է վճարում տրանպորտային հատուկ՝ աբոնոմենտային քարտերով, բանկային քարտերով, բջջային հավելվածներով, անգամ կրիչների՝ մատանիների եւ ժամացույցների միջոցով։ Ըստ նախնական պայմանագրի՝ տրանսպորտային բոլոր միջոցներում այս բոլոր սարքավորումներով կահավորումը պետք է իրականացվեր մինչ 2024 թ․ մայիսի 14-ը։ Սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտին չհասցնելով՝ Քաղաքապետարանն ու «Թել-Սել» ընկերությունը նույն օրը երկարաձգել էին ժամկետը մինչև հունիսի 15-ը։ Այս ժամկետը, սակայն, եւս չի բավականացրել։ 

Քաղաքապետարանից մեր ստացած փաստաթղթերի համաձայն՝ կողմերը եւս մեկ անգամ են երկարաձգել պայմանագիրը՝ այս անգամ վերջնաժամկետ սահմանելով օգոստոսի 1-ը։ Ընդ որում, համաձայնագիրը կնքվել է հուլիսի 2-ին, եւ որպեսզի հունիսի 15-ից մինչ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածը ժամկետի խախտում չհամարվի, համաձայնագրի գործողությունը տարածել են հունիսի 15-ից ծագած իրավահարաբերություններ վրա։

«Թել-Սել» ընկերությունից տեղեկացել ենք, որ  օգոստոսի 1-ին ծրագրային աշխատանքների հանձնումն իրականացվել է, ավարտական ակտի ստորագրումն ընթացքի մեջ է։

Քաղաքապետարանն իրատեսական է համարում համակարգի ամբողջական ներդրումը հունվարի 1-ին

Մեր նախորդ զրույցի ժամանակ «Թել-Սել» ընկերությունից հայտնել էին, որ  բանկային քարտով ուղիղ վճարում անել հնարավոր է լինելու ոչ բոլոր փաթեթների, այլ դրանցից միայն 3-ի՝ «Զվարթնոց օդանավակայան», «90 րոպե», «1 օր» տոմսերի ձեռքբերման դեպքում։ Ավագանու՝ դեռեւս ուժի մեջ եղած որոշման համաձայն, սակայն, բանկային քարտով ուղիղ վճարումը հնարավոր է ոչ թե 3, այլ միայն 1՝ «Զվարթնոց օդանավակայան» տոմսի ձեռքբերման դեպքում։

Մեր գրավոր հարցին՝ նախատեսո՞ւմ են արդյոք փոփոխել որոշումը եւ բանկային քարտով ուղիղ վճարումը նախատեսել հիշյալ երկու փաթեթների համար եւս, Քաղաքապետարանից կոնկրետ պատասխան չեն տվել, նշել են՝ անհրաժեշտության դեպքում ավագանու որոշումը կխմբագրվի։

Անդրադառնալով արտոնյալ խմբերի համար (ուսանողներ, թոշակառուներ, հաշմանդամություն ունեցողներ եւ այլք) նախատեսվող փաթեթներին՝ Քաղաքապետարանից հայտնել են, որ համակարգի տեխնիկական հնարավորությունները այդպիսի խմբերի առկայություն թույլ տալիս են․ «Արտոնյալ խմբերը քննարկվում են աշխատանքային կարգով եւ նախատեսվում է, որ սահմանվեն ավագանու կողմից մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը»։

Քաղաքապետարանից հայտնել են նաեւ, որ այս պահի դրությամբ միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդնումը մինչ սահմանված ժամկետը՝ 2025 թ․ հունվարի 1-ը, իրատեսական է։

Իսկ մինչ այդ քաղաքացիները շարունակում են անհարմարություններ կրել՝ Երեւանի մետրոպոլիտենում ամեն օր  բախվելով հերթերի, իսկ ավտոբուսներում՝ հաճախ չաշխատող վալիդատորների։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել