Ալավերդին՝ ջրհեղեղից 4 ամիս անց
21:42 - 23 սեպտեմբերի, 2024

Ալավերդին՝ ջրհեղեղից 4 ամիս անց

Սեպտեմբերյան փափուկ եղանակին Դեբեդն իրեն այնպես է պահում, կարծես ինքը չէ, որ չորս ամիս առաջ ափերից դուրս էր եկել։ Գետը հիմա հոսում է անվրդով, համբերատար։ Հիմա Ալավերդին խոր ցեխից մաքրված է, ջրհեղեղից տուժած հիմնական ճանապարհներն ու կամուրջները որոշակիորեն նորոգված են, բայց աղետի հետեւանքները կարճ ժամանակում ամբողջությամբ չեն վերացել, դեռ բազմաթիվ խնդիրներ կան՝ կորցրած տների փոխհատուցումից մինչեւ վնասված ջրատարներ եւ այլն։

Ալավերդու Սանահին կայարանն այն թաղամասերից է, որը լուրջ վնասներ է կրել մայիսյան հեղեղումներից։ Ջրհեղեղի հաջորդ օրը, երբ «Ինֆոքոմի» թիմն աշխատում էր այս թաղամասից, փողոցներն անանցանելի էին ջրի ու ցեխի պատճառով, մարդիկ դեռ փորձում էին հասկանալ իրենց հետ պատահածը։ 

Այսօր արդեն ոչ մարդաշատ այս թաղամասի նեղլիկ փողոցներից լսվում են շինարարական աշխատանքների ձայներ։ Մարդիկ փորձում են վերադառնալ իրենց բնականոն կյանքին՝ համակերպվելով այն մտքին, որ բնության հետ կռիվ անել չես կարող։

Սանահին կայարան թաղամասի 16-րդ շենքում են ապրում Արմինե եւ Վահրամ Կոլոլյանները։ Փողոցից երեւում է նրանց բնակարանի բաց պատուհանի կողքին աշխատող Վահրամը՝ պատի խոնավացած սվաղն է պոկում, որ նորոգի։ 

Մինչ նա լուռ իր գործն է անում, քույրը՝ Արմինեն, կես կատակ-կես լուրջ մտահոգվում է՝ բա որ բնությունը որոշի՝ այստեղ պետք է ծով լինի․ «Տպավորություն ա, որ անընդհատ ինչ-որ բան պետք ա կորցնես»,- ասում է նա։ Ջրհեղեղի գիշերը Կոլոլյանները դրսից եկող ջրի ձայնից են արթնացել։ Արմինեն պատուհանից նայել-տեսել է՝ ջուրը հասել է գոգին։

Արմինե Կոլոլյանը

«Դուռը բաց արինք, ջուրը մի հետից (միանգամից,-հեղ․) լցվեց տուն։ Մենակ դակումենտները հասցրի վերցնեմ, մեզ Սեւանի փրկարարները հանեցին»,- պատմում է նա։ Տան ցեխը մաքրել են, հիմա պետք է պատերը, հատակը սարքեն, փչացած գույքը փոխեն։ Բարերարների աջակցությամբ կարողացել են լվացքի մեքենա ու սառնարան գնել, որոնք շարքից դուրս էին եկել ջրի մեջ մնալուց։ Կոլոլյանները դիմել են նաեւ պետության կողմից տրամադրվող փոխհատուցման համար եւ առաջիկա օրերին սպասում են դրա հաստատմանը։ 

Ինչպես Կոլոլյանների, այնպես էլ առաջին հարկի մյուս բնակիչների տան տակ նկուղներ կան։ Ջրհեղեղի ժամանակ ամբողջ գետնահարկը ծածկվել է ցեխով ու ջրով։ Ջուրը հիմա մաքրվել է, բայց խոնավությունն ու ցեխը մնացել են, ինչի պատճառով բորբոս ու սնկեր են գոյացել այնտեղ։ Խոնավության ու բորբոսի՝ քիթ ծակող սուր հոտը տարածված է ամբողջ տնով, չնայած լուսամուտներն անընդհատ բաց են։ 

Բնակիչները չեն պատկերացնում՝ ինչպես պետք է մաքրեն նկուղները, որ այդ հոտը վերանա։ Հիմա նրանք ապրում են վերեւի հարկի դատարկ բնակարաններից մեկում՝ վարձով (վարձը փոխհատուցվում է), իսկ ներքևի հարկը միայն կոմունալ կարիքների համար են օգտագործում։ 

Ինչպես անշարժ գույքի վնասի, այնպես էլ բնակության վայրի գույքի եւ տեխնիկայի փոխհատուցման համար կառավարությունը ծրագրեր է մշակել։ Դրանք որոշակի բաժանում ունեն՝ հաշվի առնելով բնակավայրը, աղետի հասցրած վնասի չափը եւ այլն։ 

Ջրհեղեղի հետեւանքով, ընդհանուր առմամբ, վնասվել, հեղեղվել կամ փլուզվել է 263 տուն եւ բնակարան։ Վնասված եւ փլուզված տների ու բնակարանների բնակիչներին պետությունը նախ սոցիալական աջակցություն է տրամադրում։ 263 բնակելի տարածքներում փաստացի բնակվել է 854 անձ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը հուլիսի 4-ին հայտնել է, որ նրանցից 490-ին տրամադրվելու է 60-հազարական դրամ, իսկ մնացածին՝ 40-հազարական՝ կախված, թե որ գոտում են բնակվում՝ առավել կամ պակաս տուժած։ Փոխհատուցումը ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համայնքապետարան, իսկ դիմումների ընդունման ժամկետը սեպտեմբերի 30-ն է։

Ինչ վերաբերում է բնակարանին/տանը եւ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցման ծրագրին, ապա շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում անձին տրամադրվում է փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (տուն) ձեռք բերելու նպատակով: 

Բնակարանի կամ տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում վերանորոգման համար փոխհատուցումը տրվում է ըստ բնակության համար նախատեսված տարածքի հեղեղված մասի յուրաքանչյուր քառակուսի մետրի, (բայց ոչ ավել, քան 80 քառակուսի մետրը, եւ կախված, թե որ գոտում են բնակվում՝ առավել կամ պակաս տուժած, 40 հազար կամ 60 հազար դրամ՝ քառակուսի մետրի դիմաց)։ 

Բնակարանի կամ տան կորստի դեպքում կենցաղային առաջնային գույքի փոխհատուցումը տրամադրվում է հավասար հիմունքներով, յուրաքանչյուր ընտանիքին կենցաղային առաջնային գույքի մեկական կազմով՝ անկախ կենցաղային գույքի կորստի չափից։ Կենցաղային առաջնային գույքի մեկ կազմի փոխհատուցման արժեքը կազմում է 1 մլն 200 հազար դրամ։ 

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քանի որ հետահայաց չեն կարող ստուգել՝ ինչ գույք է ունեցել ընտանիքը, եւ քանի որ չարաշահումների լայն դաշտ կարող է ստեղծվել, փոխհատուցման նույնական սկզբունք է ընտրվել՝ ըստ աղետի գոտիների։ Ի դեպ, փոխհատուցման մեծ մասը պետք է ծախսվի անկանխիկ, մի մասը կարող է տրամադրվել կանխիկ՝ օրինակ՝ վերանորոգման վրա աշխատող վարպետներին վճարելու համար։

Սանահին կայարանի 16-րդ շենքի բնակիչ Արմինե Կոլոլյանը զանգում է հարեւանուհուն՝ Էլմիրա Գեւորգյանին, որի բնակարանը եւս Սանահին կայարանի 16-րդ շենքի առաջին հարկում է ու վնասվել է ջրհեղեղից։ Էլմիրան էլ է հիմա բնակվում վերին հարկերի տներից մեկում։ Նրա բնակարանի դռան փականը վնասվել է, ներս մտնել չենք կարողանում, բայց Էլմիրան իր հեռախոսում ունի տան վնասների բոլոր նկարներն ու չի զլանում դրանք հատ-հատ ցույց տալ, ինչպես ցույց է տվել բոլոր իրավասու մարմիններին։  

Էլմիրան էլ է մտահոգ նկուղի հարցով։ Նրա խոսքով՝ համայնքային աշխատողներն ասել են՝ կառավարության տրամադրելիք փոխհատուցումն այնքան է, որ կբավականացնի նաեւ նկուղի մաքրման աշխատանքներին։ Բայց, շենքի բնակչի խոսքով, եթե կառավարությունը բնակարանների պատերի կրած վնասը հաշվել է 1 մետրով, ապա իր տան պատը մինչեւ առաստաղ վնասվել է ջրից, խոնավությունից․ 

«Իմ պատը հիմա քանդված ա 3,65 մետր, այսինքն՝ մի ամբողջ պատ էդ խոնավությունից փլվել ա։ Բոլոր հարեւանները գիտեն, աշխատակցիներն եկել, տեսել են։ Արթուր Մանուկյանն (համայնքի ղեկավարի օգնականը,-հեղ․) եկել, տեսել ա, երբ ես ասել եմ տեղյակ պահի քաղաքապետին, ասաց՝ էնքան գումար ենք տալիս, որ ի վիճակի եք բոլոր հարցերը լուծել»,- ասում է Էլմիրան։ 

Նա նշում է, որ շենքի հատկապես առաջին հարկում ապրողները չեն կարող սեփական ուժերով նկուղները կարգի բերել․ նախ՝ բնակիչներից ոմանք միայնակ կանայք են, երկրորդ՝ վնասն այն աստիճանի է, որ առանց հատուկ միջոցների մաքրել հնարավոր չէ․ «Սրանք օգտագործվող պադվալներ չեն է, շենքի հիմքն են։ Սյուներ են դրված, դրանք քայքայվել են էս հարյուր տարվա ընթացքում (շենքը մոտ 100 տարեկան է,-հեղ․)։ Վերջը՝ [համայնքապետարանը] խոստացել է մաքրել պադվալները, շենքի արտաքին տեսքը նորոգել, շքամուտքերը, տանիքը, ասել էին՝ կհանձնենք շատ լավ շենք։ Անցան ամիսներ, ոչ շքամուտքի մասին խոսք եղավ, ոչ՝ նկուղների»,- ասում է Էլմիրան։

Էլմիրայի հետ բարձրանում ենք վերնահարկ, որտեղ նա ցույց է տալիս շենքի տանիքի ոչ բարվոք վիճակը։ Էլմիրան ասում է, որ համայնքապետարանին խնդրել են տանիքը նորոգել այս տարի, բայց պատասխան են ստացել, որ հնարավոր չէ։

Ալավերդու համայնքապետարանում այս շենքի ինչպես տանիքի, այնպես էլ մյուս խնդիրներին քաջատեղյակ են, վստահեցնում է համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանը։ 

Լոռու մարզպետարանն ու Ալավերդու համայնքապետարանն են զբաղվում ջրհեղեղից տուժած քաղաքացիների դիմումների ընդունման հարցերով, կազմակերպում փաստաթղթերի հավաքումը, տվյալների փոխանցումը պետական իրավասու մարմիններին եւ այլն։

Փոխհամայնքապետ Հարություն Ձավարյանն «Ինֆոքոմին» հայտնեց, որ վնասված բնակարան կամ տուն ունեցող 135 շահառուից սկզբնական փուլում կարողացել են ընդունել 63 դիմում։ Դա պայմանավորված է եղել նրանով, որ շատերը չեն ունեցել բնակարանի սեփականության վկայական կամ փաստաթղթերի հետ կապված այլ խնդիրներ են եղել։ Ընդունված դիմումներն այժմ 120-ից ավելի են, որոնցից առնվազն 110-ի դեպքում փաստաթղթային խնդիրները կարգավորվել են։ Ձավարյանն ասում է, որ Կառավարության հետ եկել են համաձայնության՝ մինչեւ քաղաքացիները կարգավորեն իրենց փաստաթղթերը, համայնքապետարանը շարունակի ընդունել նոր դիմումներ, որ ջրհեղեղի հետեւանքով տուժած որեւէ մեկը փոխհատուցման ծրագրից դուրս չմնա դիմումի ներկայացման ժամկետի ավարտի պատճառով։

Հարություն Ձավարյանը (լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից)

Շահառուների փոխհատուցման գործընթացը շարունակվում է։ Կան քաղաքացիներ, որոնք ներկայացրել են դիմումներ, բայց դեռ չեն ստացել նախատեսված դրամական աջակցությունը, քանի որ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Ձավարյանը վստահեցնում է, որ իրավասու մարմինները մշտական կապի մեջ են շահառուների հետ, նրանց ոչ միայն տեղեկացնում են ընթացքի մասին, այլ նաեւ պարբերաբար ճշտում, թե որ փուլում է դիմում չներկայացրած անձանց փաստաթղթերի կարգավորման գործընթացը։ Փոխհամայնքապետի խոսքով՝ փոխահտուցման տրամադրումից հետո շահառուները տեղեկացնում են առաջին փուլով ստացած դրամական աջակցության ծախսի մասին, հետո մարզային եւ համայնքային աշխատակիցները այցելում են բնակարան/տուն, կատարված նորոգման աշխատանքի, գնած պարագաների եւ տրամադրված փոխհատուցման համարժեքության մշտադիտարկում իրականացնում, անցնում փոխհատուցման մյուս փուլին։

Փոխհամայնքնապետը, արձագանքելով շահառուների մտահոգություններին, մասնավորապես Սանահին կայարան թաղամասի 16-րդ շենքի նկուղային հարկը մաքրելու աշխատանքները բնակիչների ուսերին թողնելու մասին դժգոհություններին, ասում է, որ համայնքապետարանն ամենեւին նման մոտեցում չի որդեգրել, եւ որ իրենք պատրաստակամ են անդրադառնալ բոլոր խնդիրների լուծմանը․ «Իրականում պետությունը բավականին ծանր ու մեծ աշխատանք է անում։ Երբ ասում ենք աղետ, ընկալում ենք միայն Դեբեդի ավերածությունները, բայց բացի դրանից սարերից իջնող մեր առվակներն այդ օրերին գետեր էին դարձել, գյուղերում էլ էին շատ վնասներ հասցրել։ Մեր աշխատակիցները նաեւ դրանով են ծանրաբեռնված»,- մանրամասնում է Ձավարյանը։ Նա նաեւ ակնկալում է, որ բնակիչները կփորձեն պակաս բարդ խնդիրները լուծել ինքնակազմակերպման միջոցով։ Նկուղների մաքրման հարցը, ըստ Ձավարյանի, հենց այդ պակաս բարդ խնդիրներից է։ 

Անդրադառնալով 16-րդ շենքի տանիքի խնդրին՝ փոխհամայնքապետը ասում է, որ Ալավերդու քաղաքային խնդիրներից մեկը, որպես այդպիսին, տանիքների հարցն է, եւ 16-ի տանիքը դրանց թվում է։ Միայն թե այն այս տարի անհապաղ փոխել հնարավոր չէ․ «Այդ շենքը վնասվածությամբ առաջնային ցանկում չէ, բայց խոստացել ենք, որ կսարքենք»,- ասում է մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով նաեւ, որ քաղաքի հետաղետային վիճակն ավելի լավ է լինելու, քան աղետից առաջ։

Լուծման ենթակա խնդիրները Ալավերդիում քիչ չեն․ դրանք կապված են թե ջրհեղեղի հետեւանքների հետ, թե առկա են եղել երկար ժամանակ։ Այժմ առաջնայինը սանիտարական վիճակն է․ «Եթե խոսենք կոմունալ եւ կապիտալ գործողությունների մասին, ապա պետք է լուծել կոյուղագծերի, խմելու ջրագծերի, նաեւ ասֆալտի հարցը։ Բայց համայնքն, ընդհանուր առմամբ, այլ խնդիրներ էլ ունի, ինչպես օրինակ ներհամայնքային տրանսպորտը, ոռոգման ջրագծերը եւ այլն»,- թվում է Ձավարյանը։ Նա ընդունում է, որ իրավասու մարմիններն էլ կարող են թերացումներ ունենալ, բայց վստահեցնում է, որ աշխատում են դրանք շտկել։ 

Արմինեի ու Էլմիրայի հարեւանները՝ 16-րդ շենքի առաջին հարկի բնակիչներ Մարինե Սարգսյանն ու նրա ամուսինը, պետական փոխհատուցման առաջին մասն արդեն ստացել են եւ զբաղված են վերանորոգման աշխատանքներով։ 

Սա Մարինեի հայրական տունն է, նրանք բնակարանի ամեն քմ-ի համար ստանալու են 60 հազար դրամ։ Կահույքի համար եւս գումարի մի մասը ստացել են, բայց, Մարինեն ասում է, մինչեւ չնորոգեն, չեն կարող անհրաժեշտ իրեր գնել, տեղ չունեն․ «Պետք ա անենք գործ, չի լինի չանենք»,- ասում է նա։

Այս շենքի դիմաց ալավերդցի Մարգարիտա Մնացականյանի արհեստանոցն է․ նա դերձակ է եւ կարի մեքենայով ինչ-որ բան է կարում, երբ այցելում եմ։ Փոքրիկ այս արտադրամասը ջրհեղեղի հասցրած վնասներից անմասն չի մնացել․ պատերը մեկ մետրի չափ խոնավ են, դրանց վրա Մարգարիտան կտոր է կապել, որ կարվելիք կտորները չխոնավանան։ 

Մարգարիտա Մնացականյանը

Մարգարիտայի կարի մեքենաները ջրի մեջ մնալուց փչացել են, դրանցից երկուսը նա նորոգել է, բայց ասում է՝ այդքան էլ լավ չեն աշխատում։  

Մարգարիտան առաջիկայում պետք է փոխհատուցում ստանա արհեստանոցի, վնասված ավտոտնակի ու ավտոմեքենայի համար։ Կարի մեքենաների համար կստանա, թե ոչ՝ դեռ չգիտի։ Կատակում է՝ «ում տեսնում եմ, ասում եմ՝ ինձ համար մի [կարի] մեքենա առեք, ոչ ոք չառավ»։ 

Փչացել են Մարգարիտայի ասեղնագործող եւ ամրակցման (օվեռլոկ) մեքենաները․ «Բայց ես լավն եմ ուզում»,- ժպտալով անկեղծանում է նա ու միացնում իր հին մեքենան, որի աղմուկի տակ իրար լսելը դժվար է,- «լա սրա ձենին»,- ասում է։ Մարգարիտայի բնակարանի փաստաթղթերի հետ կապված խնդիր կա, նրա խոսքով՝ համայնքապետարանից ժամանակ են տվել դրանք կարգավորելու, որ համապատասխան փոխհատուցման ծրագրից օգտվի։ 

Դեբեդ գետի վարարման պատճառով ամենից շատ տուժած շինություններից է Սանահին կայարան թաղամասի 12-րդ շենքը։ Այս բազմաբնակարանը բաղկացած է 16 բնակարանից։ Ջրհեղեղի ժամանակ տուժել են առաջին հարկի 6 բնակարանները։ Բայց այս շենքն ամբողջությամբ է վնասված, վթարային է այն աստիճանի, որ պետք է քանդվի։ 

Այս հարցը քննարկվել է Հայաստանի կառավարության՝ հուլիսի 4-ի հերթական նիստի ժամանակ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ այդ պատճառով նոր բնակարան գնելու վկայագրեր կստանան ոչ միայն առաջին հարկում գտնվող բնակարանների սեփականատերերը, այլ նաեւ 2-րդ եւ 3-րդ հարկի տասը բնակարաններում ապրողները։

Այս շենքի առաջին հարկի բնակիչները այժմ վարձակալել են նույն շենքի վերին հարկերի դատարկ բնակարանները։ Վարձավճարը փոխհատուցում է պետությունը, ինչպես այն բնակարանների սեփականետերի դեպքում, որոնք մինչեւ իրենց տների նորոգումը ստիպված են ապրել այլ վայրում։

Այս շենքի մոտ է եղել այն կամուրջը, որը Դեբեդը փլուզել էր։ Հիմա նոր կամուրջ է կառուցվել։ Ժամանակավոր կամրջի բացման արարողությունը կայացել է սեպտեմբերի 7-ին։ Այն Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Կամուրջը տանում է դեպի այն թաղամաս, որի բնակիչները գետի ափին այգիներ են ունեցել։ Վարարած ջուրն այստեղից քշել-տարել է տնկիներ, արմատախիլ արել ծառեր, տեղը ցեխ ու ավազ լցրել։ Բայց տեղացիները նոր այգի են սարքել։ Այս հատվածն ալավերդցիները կոչում են Կամչատկա՝ իբրեւ կենտրոնից հեռու մի վայր։ 

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ 

Հովիկ Շեկվարդանյանը

Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ 

Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։

Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։

Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։

Հայկուշ Շեկվարդանյանը

Գյուղատնտեսական վնասները իրավասու մարմիններն արձանագրել են, Շեկվարդանյանները դիմել են փոխհատուցման համար, բայց մինչ աջակցությունը կլինի, չեն զլացել, իրենց միջոցներով նորից այգի են տնկել․ «Լրիվ քշել էր, բայց մենք վերականգնեցինք, նորից այգի ստեղծեցինք, էս ձեւի սարքեցինք, չհուսահատվեցինք»,- ասում է Հովիկը՝ գոհունակությամբ նայելով իրենց աշխատանքի արդյունքին։ 

«Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։



Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել