Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է
18:16 - 06 հոկտեմբերի, 2024

Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է

Ինչո՞ւ էր «Արմենիկումի» հետազոտական լաբորատորիայում հայտնվելուց հետո կատուն իսպաներենով մլավում, ի՞նչ էին ուզում փոխել այլժամանակայինները Սևանում, և, ի վեջո, ինչն էր խաթարել ապագայի վիրտուալ աշխարհի անդորրը, որ կամավոր Տաոն որոշեց վերադառնալ վտանգներով լի նյութական աշխարհ… Համազգային գիտության շաբաթվա շրջանակում ամփոփվել է «ԱրմՔոն» համայնքի  ու «Գիտուժ» նախաձեռնության հայտարարած գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, և հայտնի են առաջին երեք մրցանակակիրների անունները։ 

Հեղինակների պատմվածքներին դեռ կհասցնեք ծանոթանալ առաջիկա օրերին։ Մինչ այդ առաջարկում եմ վերջին անգամ ինձ հետ շրջել Ազատության հրապարակում. «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած Համազգային գիտության շաբաթվա ու Գիտության փառատոնի վերջին օրն է, և փառատոնի ամփոփիչ թեման գիտական ֆանտաստիկան է։

Այսօր միայն Գիտության փառատոնի այցելուները չէ, որ դպրոցականներ են․ տաղավարներում հանդիպում եմ տարբեր կրթահամալիրների սաների, որոնք ներկայացնում են իրենց աշխատանքները։

«Քվանտ» վարժարանի տաղավարում ծանոթանում եմ 10-րդ դասարանցիների հետ, որոնք պատմում են վարժարանի աշկերտների նախագծերի մասին։ Տաղավարում ներկայացված է աշակերտների նախագծած ու պատրաստած ԱԹՍ-ն, որը հեռակառավարվում է, տեսախցիկով հետևում թիրախներին ու խոցում։ Աշակերտների նախագծած տանկն էլ կարողանում է շարժմանը զուգահեռ ֆիքսել ու հետևել տարբեր օբյեկտների։


Աշակերտների նախագծած ԱԹՍ-ն

Ապա ծանոթանում եմ վարժարանի տնտեսագիտական հոսքում սովորող Տիգրանի հետ, որն ապրում է Քանաքեռ-Զեյթունում։ Տիգրանը հավաքագրել է իրենց վարչական շրջանում ճանապարհային ցանցի, խցանումների տարածաժամանակային բաշխվածության առանձնահատկությունների, ինչպես նաև հանրային տրանսպորտի հասանելիության մասին տվյալները, հասանելիության ինդեքս հաշվել ու այս ամենը ներկայացրել քարտեզների միջոցով։


Տիգրանը բացատրում է, թե ինչպես է հաշվել տրանսպորտային հասանելիության ինդեքսը

Մինչև տաղավարներում Հայաստանի տարբեր վայրերից եկած դպրոցականները ծանոթանում են իրենց հասակակիցների աշխատանքներին, մեծ տաղավարում երեխաները ռոբոտ լեգոներով Մարս մոլորակում առաքելություն են իրականացնում ու նկարում։

Տաղավարներից մեկում ծանոթանում եմ «Այբ» դպրոցի սաներին, որոնք ինձ բացատրում են հրաբխի մոդելը, ապա խառնում են սոդան ու քացախը՝ ստանալով հրաբխի իմիտացիա։

Նրանց ընկերներն էլ փառատոնի այցելուներին պատմում են ամենատարբեր թեմաներից՝ ջրի շրջապտույտից մինչև մոլեկուլներ։

Մեծ տաղավարի մոտ հանդիպում եմ Space42 նախաձեռնության անդամներին։ Սիրողական աստղագետների այս համայնքն իրականացնում է «Աստղադիտարանը դպրոցում» նախագիծը, որի շրջանակում տարբեր դպրոցների հրավերներով աշակերտների համար աստղադիտումներ ու սեմինարներ է կազմակերպում։ Space42-ը նաև աստրոտուրեր է կազմակերպում՝ մարդկանց տանելով Հայաստանի մութ հատվածներ՝ աստղային երկնքին հետևելու։


Երեխաները նայում են Արևին

Փառատոնի մասնակիցները նրանց տաղավարում հնարավորություն ունեն նայելու Արևին, իսկ մութն ընկնելուն պես՝ աստղերին ու մոլորակներին։

Դե վերջում էլ այցելում եմ ամենագիտաֆանտաստիկ տաղավար, որտեղ փառատոնի կազմակերպիչները խորհուրդ են տալիս, թե գիտաֆանտասիկ ժանրի ինչ գրքել կարդալ ու ինչ ֆիլմեր դիտել։ Այս տաղավարը լավ առիթ է՝ հիշելու այն բոլոր գիտաֆանտասիկ գրքերը, որոնք կիսատ եմ թողել, և ֆիլմերը, որոնք որոշել եմ դիտել, բայց այդպես էլ չեմ հասցրել։

Գիտական ֆանտասիկայով էլ ամփոփվում է Համազգային գիտության շաբաթը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում դպրոցականներն ու նաև մեծահասակները հասցրին ծանոթանալ Հայաստանի գիտական կազմակերպությունների ու համալսարանների գիտական թիմերին, լսել գիտնականների խորհուրդները գիտական կարիերայի ու մասնագիտական ընտրության մասին, ինչպես նաև ծանոթանալ գիտաֆանտաստիկ ժանրի ամենատարբեր գործերի։

Փառատոնի տաղավարներով վերջին պտույտիս ընթացքում հիշում եմ Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարայանի հետևյալ միտքը․ «Երբ ցանկացած հայտնի գիտնականի հարցնում են՝ ինչո՞ւ որոշեցիր գիտնական դառնալ, նա, որպես կանոն, գնում է իր վաղ մանկություն, երբ, օրինակ, ծնողների հետ գնացել է ինչ-որ թանգարան կամ այսպիսի գիտության փառատոնի կամ միջոցառման, և դա նրան ոգևորել է, որոշել է գիտնական դառնալ։ Մենք ուզում ենք այդպես ոգևորել շատ երեխաների, որ նրանք ապագայում գիտությունը ընտրեն»։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել