Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
«Ի պատասխան թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ուղղված ձեր բազմաթիվ հեռախոսազանգերի, տեղեկացնում ենք, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:
Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակը ավելի վաղ հաստատել էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել՝ նշելով, որ հայտարարություն կտարածեն, իսկ Ընտրատարածքային հանձնաժողով մանդատները վայր դնելու արձանագրություն դեռ չեն ներկայացրել։
Հիշեցնենք, որ Գյումրիում իշխող ուժի՝ «Բալասանյան» դաշինքի 5 անդամներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել։ Դաշինքի ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ, որը չունի ավագանու մանդատ և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել, քանի որ երկրում չէ։
«Քաղաքացիական պայմանագրից», որը Գյումրիում ընդդիմություն է, հայտնել էին՝ Գյումրիում պատրաստ են գնալ նոր ընտրությունների․ «Եթե նման բան տեղի ունենա, այսինքն՝ էնտեղի գոյություն ունեցող ավագանիները որոշում կայացնեն մանդատները դնեն, կամ մարդ չկարողանան ընտրել իրենց բանից [քաղաքապետ՝ ավագանու կազմից. - խմբ.], ամենայն հավանականությամբ ընտրություններ տեղի կունենան», - ասել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
comment.count (0)