ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է  պաշտոնից ազատման դիմում
12:53 - 18 նոյեմբերի, 2024

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին հայտնել է տարածած ուղերձում, որում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,                                                                   

Սիրելի հարկ վճարողներ,

Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։

Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին։

Առանձնահատուկ շնորհակալություն ՊԵԿ աշխատակիցներին, վստահ եմ, որ կշարունակեք ՊԵԿ ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեք միջազգային համագործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդման մեր ձեռնարկած քայլերը, կներդնեք հարկ վճարողներին սպասարկման նորանոր գործիքներ։

Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար և մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ»,- նշված է ուղերձում։

Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը  պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել