armenpress.am: Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրերի ուղղությունները՝ ընդգծելով «Երևանտրանս» ընկերությունում և քաղաքի տրանսպորտային հոսքերի կառավարման մեջ նախատեսվող փոփոխությունները։
Քաղաքապետը նշեց, որ «Երևանտրանս»-ում ավանդույթային դիսպետչերական կետերը պետք է վերանան՝ փոխարինվելով GPS համակարգի վրա հիմնված վերահսկողությամբ։
«Մեր ավտոբուսների վրա տեղադրված GPS համակարգը թույլ է տալիս արդյունավետորեն հավաքագրել և համակարգել տրանսպորտային տվյալները։ Պետք է այս ամբողջ տեղեկատվությունը կենտրոնացնել մեկ սենյակում՝ ապահովելով ամբողջական վերահսկողություն և արդյունավետ կառավարում»,- ընդգծեց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ կարևորագույն նախաձեռնություններից մեկն է տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոնի ստեղծումը, որն ուղղված է ամբողջական լուսացուցային համակարգի արդիականացմանը և խցանումների նվազեցմանը։
«Կարծում եմ՝ սա մեր առաջնային խնդիրներից է և չի վերաբերվում միայն հանրային տրանսպորտին, այլ վերաբերվում է ամբողջական լուսացուցային նոր համակարգի ներդրմանը։ Համենայնդեպս, հաջորդ տարի պետք է սկսենք դա իրականացնել։ Նախաձեռնությունը վերաբերվում է ընդհանուր հոսքերի գրագետ և խելացի կառավարմանը, որը մեր քաղաքը վստահորեն ունի։ Այսինքն՝ լուսացույցերի ավելի ստատիկ մոդելից պետք է անցնենք ավելի դինամիկ մոդելի, երբ լուսացույցը տարբեր ժամերին տարբեր ժամանակ է պահում՝ ըստ իրավիճակի և ըստ հաշվարկների։ Կարծում եմ, որ սա է լինելու հաջորդ տարվա մեր ամենամեծ խնդիրը, որի արդյունքում մենք պետք է արձանագրենք Երևան քաղաքում ընդհանուր տրանսպորտային հոսքերի հետ, խցանումների հետ կապված բարելավում»,- նշեց քաղաքապետը։
comment.count (0)