Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ Արցախը քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի․ Լևոն Տեր-Պետրոսյան
21:23 - 25 դեկտեմբերի, 2024

Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ Արցախը քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի․ Լևոն Տեր-Պետրոսյան

Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկին․

«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։

Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի։

Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019 թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։

Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր՝ մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այս գրառմանը արձագանքել էին նախկին երեք նախագահների գրասենյակների ներկայացուցիչները։ Արձագանքներին ի պատասխան՝ Փաշինյանը հանդես էր եկել առաջարկով, և կոչ արել նախկին նախագահներին գալ հրապարակային բանավեճի և հայտնել իրենց դիրքորոշումը։

ՀՀ նախկին նախագահները, սակայն, հրաժարվել են առաջարկից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել