Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը» 
 |azatutyun.am|
19:47 - 07 հունվարի, 2025

Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը» |azatutyun.am|

azatutyun.am: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին», - «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են վարչապետի աշխատակազմից։

«Ազատությունը» անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ պատրա՞ստ է հրապարակել մինչև իր պաշտոնավորումը և նաև իր պաշտոնավարման ընթացքում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող պաշտոնական փաստաղթղթերը, որպեսզի հանրությունը առանց քաղաքական շահարկումների, կոնկրետ փաստերի հետ ծանոթանալով ինքը հետևություններ անի։

Այդպիսի կոչով հանդես էին եկել հանրային տարբեր գործիչներ։ Նախորդ տարեվերջին Նիկոլ Փաշինյանին նման կոչով դիմել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բանավիճելու փոխարեն նրան առաջարկելով հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։

«Եթե, Նիկո՛լ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», - մասնավորապես նշել էր առաջին նախագահը։

«Ազատության» հարցման պատասխանում վարչապետ Փաշինյանը միաժամանակ հորդորում է հենց նախկին նախագահներին հրապարակել այդ փաստաթղթերը. «Ակնհայտ է, որ երեք նախագահները իրենց ձեռքի տակ ունեն բանակցային բոլոր փաստաթղթերը, և եթե դրանցում կա իրենց ընթացիկ պնդումները հիմնավորող որևէ փաստ, անհասկանալի է, թե ինչու չեն հրապարակում։ Վարչապետ Փաշինյանը տարբեր ժամանակներում ունեցած իր հրապարակային ելույթներոմ բանավոր կերպով հրապարակել է բանակցային գործընթացի առանցքային դրվագները»։

Նախընթաց շրջանում ի՞նչ և ինչպե՞ս էին բանակցել Տեր-Պետրոսյանն ու Օսկանյանը

Ի դեպ, վարչապետ Փաշինյանը նաև հարց է տալիս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ինչպե՞ս էին նա ու նրա նախկին փոխարտգործնախարար Վարդան Օսկանյանը բանակցել ղարաբաղյան խնդրի շուրջ, որի արդյունքում միջազգային հանրությունը Ղարաբաղի համար առաջարկում էր ինքնակառավարում՝ Ադրբեջանի կազմում։

«Պարոն Օսկանյանը, ով այդքան վստահ է իր բանավիճային դիրքերի վրա, թող օգնի իրեն ԱԳ նախարարի տեղակալ նշանակած նախագահ Տեր-Պետրոսյանին հրապարակային պատասխանել հարցին, թե Տեր-Պետրոսյանն ու Օսկանյանը նախընթաց շրջանում ի՞նչ և ինչպե՞ս էին բանակցել, որ 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցում կոնսենսուսի էր հասել հետևյալի շուրջ. «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը Լեռնային Ղարաբաղին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի կազմում»։ Մեջբերումը 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարությունից է, որտեղ նշվում է, որ այս դիրքորոշման շուրջ ԵԱՀԿ անդամ երկրների շրջանում կա կոնսենսուս մինուս 1, որտեղ մինուս 1-ը Հայաստանն է։

Ուշադրություն դարձրեք, որ միջազգային հանրության կողմից արձանագրված այդ դիրքորոշման մեջ խոսվում է Ղարաբաղի ինքնակառավարման և ոչ թե ինքնավարության մասին»։

Վարչապետը պատեհ չի համարում Վարդան Օսկանյանի բանավեճի առաջարկը

«Ազատությունը» վարչապետին նաև հարցրել էր՝ արդյո՞ք կընդունի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանրային բանավեճի առաջարկը, եթե ոչ, ապա ինչո՞ւ։

Անցած տարեվերջին Վարդան Օսկանյանն առաջարկել է վարչապետ Փաշինյանին բանավիճել իր հետ այն հարցի շուրջ, թե արդյոք, ինչպես Փաշինյանն էր ասել, «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:

Օսկանյանն ասել էր, թե ինքը 1992 թվականից ղարաբաղյան հարցի բանակցությունների առաջին գծում է եղել, մասնակցել է բոլոր փաստաթղթերի մշակմանը, լավատեղյակ է դրանց բովանդակությանը, տիրապետում է ողջ գործընթացին և կարող է ժողովրդի աչքի առաջ բանավեճի ընթացքում ցույց տալ, որ Փաշինյանը սխալ է։

Վարչապետը, մերժելով Օսկանյանի առաջարկը, նշել է. «Վարչապետ Փաշինյանը բանավեճի է հրավիրել Վ. Օսկանյանին ղարաբաղյան հարցի «առաջին գծում», այսինքն՝ ԱԳ նախարարի տեղակալի և հետագայում ԱԳ նախարարի պաշտոնում Օսկանյանին նշանակած կամ նրա գործողությունները ղեկավարած նախկին նախագահներին, ովքեր, ցավոք, մերժել են բանավեճի հրավերը։ Վարչապետը պատեհ չի համարում Վ. Օսկանյանի բանավեճի առաջարկը, որովհետև այդ հրավերն ընդունելու պարագայում ստիպված կլինի ընդունել նաև հարյուրավոր այլ նախկին ԱԳ նախարարների և ԱԺ պատգամավորների բանավիճելու պոտենցիալ հրավերը»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել