ԱՄՆ-ի հետ ունենք բավականին լայն գործընկերություն․ ՆԳ նախարար |armenpress.am|
15:23 - 16 հունվարի, 2025

ԱՄՆ-ի հետ ունենք բավականին լայն գործընկերություն․ ՆԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ներառում է նաև Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ համագործակցության զարգացման ուղղություններ։

Ամփոփիչ ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Փաստեմ, որ բավականին լայն գործընկերություն ունենք նաև ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ, և նաև օրեր առաջ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը ներառում է կետեր, որոնք վերաբերում են ներքին գործերի նախարարության հետ գործընկերության շարունակական ապահովմանը»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14–ին ստորագրեցին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությունը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել