73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը
17:20 - 21 հունվարի, 2025

73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը

44-օրյա պատերազմի ժամանակ 73-հոգանոց վաշտի ողջ անձնակազմի զոհվելու հանգամանքների վերաբերյալ հերթական դատական նիստն այսօր մեկ ժամ էլ չտեւեց։ Բանն այն է, որ այս գործով մեղադրյալների պաշտպանները դատական նիստին չէին ներկայացել՝ դատարանին նախապես գրությամբ հայտնելով, որ չներկայանալու պատճառն իրենց անվտանգության ապահովման հարցն է։

Այս գործով երկու մեղադրյալ կա՝ Մարտունի 3 զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը․ նիստերն ընթանում են նրանց բացակայությամբ եւ նրանց պաշտպանների՝ Արման Բայադյանի, Դավիթ Կարապետյանի, Արտակ Հովհաննիսյանի, Երեմ Սարգսյանի մասնակցությամբ։ 

Գոռ Իշխանյանի պաշտպաններ Դավիթ Կարապետյանն ու Երեմ Սարգսյանը Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին գրություն են ուղարկել՝ հայտնելով, որ այսօրվա նիստին չեն ներկայանալու եւ չեն ներկայանալու հաջորդ նիստերին եւս այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չեն անվտանգային միջոցներ։ Այս գործով նիստերը երբեմն ընթանում են լարված մթնոլորտում․ զոհվածների հարազատների հույզերը գլուխ են բարձրացնում, դատարանում հնչում են անհարգալից արտահայտություններ մեղադրյալների ու նրանց պաշտպանների հասցեին։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը փորձում է սաստել նման իրավիճակները, երբեմն սանկցիա է կիրառում տուժողների նկատմամբ եւ նրանց հեռացնում դատարանի դահլիճից։ 

Դատարանին ուղղված գրության մեջ պաշտպանները ներկայացրել են, որ նախորդ դատական նիստից հետո նիստերի դահլիճում որոշ տուժողներ անհարգալից վարք են դրսեւորել եւ սպառնալից արտահայտություններ արել։ Նրանք պահանջում են հաջորդ նիստերն անցկացնել դատարանի ապակեպատ առանձնապատնեշով դահլիճում եւ հետայսու ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորած անձանց թույլ չտալ մասնացել նիստերին։ Պաշտպանները պնդում են, որ հակառակը հանգեցնելու է նիստերին իրենց մասնակցության անհնարինության, քանի որ պաշտպանի գործառույթն իրավական շահի պաշտպանությունն է, այլ ոչ թե դահլիճում լռելյայն ձեւական ներկայնության ապահովումը։

Այսպիսով՝ պաշտպանները դատարանին խնդրում են հաջորդ նիստին ապահովել արդար դատաքննության միջոցներ, այդ թվում՝ անվտանգային։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստին ներկայացած պաշտպան Արման Բայադյանից հետաքրքրվեց, թե ինչ է ենթադրում անվտանգային միջոցը։ Վերջինս ասաց, որ, օրինակ, ապակեպատ դահլիճը դրանցից մեկն է, մեկ այլ տարբերակ է կարգադրիչների կողմից անվտանգային միջավայր ստեղծելը կամ դատական սանկցիաների կիրառումը եւ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորող անձանց նիստերի դահլիճից երկարաժամկետ հեռացումը։

Հանրային մեղադրող Գեւորգ Մղդեսյանը դատարանին խնդրեց հստակեցնել, թե ինչ անվտանգային սպառնալիքի մասին է խոսքը, դատարանը տեղյա՞կ է այդ միջադեպի մասին, սպառնալիքն իրակա՞ն է, թե՞ ոչ, ի վերջո ո՞րն է այն հիմքը, որից ելնելով պաշտպանական կողմը կարծում է, որ այս դահլիճում իրենց անվտանգությունը կասկածի տակ է դրվում։

Ձախից՝ հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը, աջից՝ տուժող Համլետ Այվազյանը

Դատավորն ասաց, որ ինքը նոր է ծանոթանում այդ գրությանը, իսկ դրանում հիշատակված է նախորդ՝ հունվարի 8-ի նիստը։ Միաժամանակ, նա նշեց, որ նիստի ավարտից հետո դատավորը դուրս է եկել դահլիճից, եւ դրանից հետո ինչ է կատարվել՝ տեղյակ չէ։ Դատավորն ասաց, որ, ընդհանրապես, այն, ինչ կատարվում է նիստից հետո, դատավորը չի կարող վերահսկել կամ կարգավորել։ Արտուշ Գաբրիելյանը շեշտեց, որ նման միջադեպերը հարթելու համար կողմերը կարող են դիմել համապատասխան մարմիններին։

Հանրային մեղադրողն առաջարկեց լսել տուժողներին, որոնք ներկա են եղել ենթադրյալ միջադեպին։ Տուժողները, սակայն, պնդեցին, որ, որպես այդպիսին, սպառնալիքներ չեն հնչեցրել՝ միաժամանակ ընդունելով, որ պատահում է՝ հուզված ժամանակ իրենց զայրույթը կոպտորեն արտահայտեն։ Պաշտպան Բայադյանն, ի դեպ, դատարանում ասաց, որ անձամբ իր հասցեին սպառնալիքներ չեն հնչել։ Բայց Բայադյանի դիտարկմամբ եւս դահլիճում այնպիսի մթնոլորտ է լինում, որը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքին։ Պաշտպանն առաջարկեց իրենց հասցեին որեւէ արտահայտության դեպքում սանկցիա կիրառել եւ արգելել հետագա նիստերին մասնակցությունը։ Դիմելով տուժողներին՝ նա ասաց․

«Ամենասկզբում մենք դիմել ենք յուրաքանչյուրին, շատ է լինում՝ որոշակի շփում ենք ունենում, բայց մեր նկատմամբ հարգանքը պետք է լինի, ոչ թե իրավունք ունեք հարգելու կամ ոչ, այլ պիտի՛ հարգեք, որովհետեւ հակառակ պարագայում դուք եք տուժելու։ Երբ մենք ձեր նկատմամբ ցուցաբերում ենք հարգանք, ինքս պահանջում եմ փոխադարձ հարգանք»։

Պաշտպանների գրությունն ու պատճառաբանությունները տուժողների վրդովմունքն արթնացրին։ Նրանք պաշտպանական կողմին մեղադրեցին իրենց զգացմունքները չհասկանալու մեջ։ Ավելին՝ տուժողների մոտ տպավորություն է, որ պաշտպանները հատուկ են ընտրել նման գործելաոճ, որպեսզի նիստերը հետաձգվեն եւ գործը հասնի վաղեմության ժամկետին։

Զոհված զինծառայողների հարազատները

Անդրադառնալով նիստերն ապակեպատ դահլիճում իրականացնելու պաշտպանների առաջարկին՝ հանրային մեղադրողը չբացառեց այդ տարբերակը՝ նշելով, որ տուժողները իրավունք ունեն ապակեպատ հատվածից ներս գտնվելու, եւ դատարանը կարող է միայն որոշ անձանց արգելել ներս մտնել։ 

Նախագահող դատավորը նպատակահարմար չհամարեց նիստերն անցկացնել ապակեպատ դահլիճում՝ պարզաբանելով, որ շատ այլ գործեր են ընթանում այնտեղ, եւ եթե այս նիստերն էլ տեղափոխեն, ապա ստիպված է լինելու ամիսը մեկ անգամ նիստ նշանակել։ Դատավորը համաձայնեց պաշտպան Բայադյանի հետ, որ սանկցիաներն ավելի շատ պետք է կիրառվեն, բայց իրադրությունն այնպես կարգավորեն, որ մյուս տուժողները մեկ-երկուսի պատճառով չտուժեն։ 

Ի դեպ, նախագահող դատավորը նշեց, որ ապակեպատ դահլիճ է համարվում ապակիներից ներս ընկած հատվածը, եւ տուժողները, որպես դատավարության մասնակիցներ, իրավունք ունեն գտնվելու այդ հատվածում, ոչ թե դրսում, ինչն արդեն այդ դահլիճի ընտրությունն անիմաստ է դարձնում։ Նշենք, որ այս դատավարության մեկնարկին որոշ նիստեր անցկացվել են հենց ապակեպատ դահլիճում, իսկ տուժողները գտնվել են ապակիներից այն կողմ․ այդ հատվածում նույնիսկ նիստի ընթացքն էր դժվար լսելի։ 

Դատավորն ասաց, որ անձամբ կխոսի պաշտպանների հետ, եւ եթե հաջորդիվ որեւէ մեկը տեղից հունից դուրս գա, նիստերի դահլիճից հեռացվելու է եւ այլեւս հնարավորություն չունենա մասնակցելու դատական նիստին։ Դատավորը պաշտպան Բայադյանին առաջարկեց նիստի ավարտից հետո տուժող կողմի հետ շփում չունենալ, եթե հարկ լինի, կարող է թույլ տալ, որ պաշտպաններն ավելի շուտ դուրս գան դահլիճից՝ միջանցքում էլ իրար չպատահելու համար։ 

Այսօրվա նիստը հետաձգվեց՝ հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ դատական նիստին պաշտպանի չներկայանալու և տվյալ նիuտում նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են։ 

Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին։

Ինչում են մեղադրվում սպաները

Ըստ մեղադրական եզրակացության՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ 

73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։

Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել