Մի խումբ ուսանողներ համազգային շահերի հստակեցման մասին հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին
16:05 - 13 փետրվարի, 2025

Մի խումբ ուսանողներ համազգային շահերի հստակեցման մասին հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին

Երեւանի պետական, Հայ-ռուսական եւ Ֆրանսիական համալսարանների մի խումբ ուսանողներ այսօր կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին։

Հանրագիրը համազգային եւ համապետական շահերի հստակեցման վերաբերյալ է։

Հանրագրի տեքստում, մասնավորապես, ասված է․

«Հաշվի առնելով վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայոց Ցեղասպանության` որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ արված հակասական մեկնաբանությունները եւ հասարակության շրջանում արդարացիորեն առաջացած տարընկալումը, ինչպեն նաեւ հիմք ընդունելով ՀՀ  Սահմանադրության 123-րդ հոդվածի 1- ին և 3-րդ մասերը, համաձայն որոնց՝ ՀՀ Նախագահը, որպես պետության գլուխ, առաջնորդվում է համապետական եւ համազգային շահերով, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքը՝ պահանջում ենք

  1. Թվարկել այն համապետական եւ համազգային շահերը, որոնցով Դուք, որպես Հանրապետության Նախագահ, առաջնորդվում եք ՀՀ Սահմանադրությամբ Ձեր վրա դրված լիազորություններն իրականացնելիս:
  2. Հստակեցնել, թե արդյոք տասնամյակներ շարունակ համազգային նպատակ հանդիսացող Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարում եք Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ»։

Նշենք, որ հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերով գրություն է, պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ տարբեր ոլորտներում իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ, որը անհատապես կամ կոլեկտիվ ներկայացնելու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ։ Օրենքի համաձայն՝ հանրագրին պատասխան է ներկայացվում այն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում (սահմանված դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ վեց ամիս)։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։

Փաշինյանի հայտարարությունը քննադատության էր արժանացել ինչպես հանրության, այնպես էլ մի շարք կառույցների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կողմից, որը շեշտել էր՝ Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը։ 

Դրանից հետո Փաշինյանը պարզաբանել էր իր այդ հայտարարությունը՝ ասելով․ «Խոսքը հետեւյալի մասին է, որ ցեղասպանությունը արդյո՞ք մեզ չպետք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձեւերին։ Մենք կարող է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին եւ խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը: Այս հարցը հրատապ է այսօր։ Այս հարցը հրատապ է եղել դարասկզբին։ Եթե մենք այսօր չլուծենք այդ հարցը, չանդրադառնանք»։

Նախորդ տարվա ապրիլ ամսին էլ կառավարող ուժի պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քչորարյանն էր հայտարարել, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Նրա կարծիքով՝ զոհերի ցուցակների հստակեցման բացը պետք է լրացնել, հակառակ դեպքում Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել