1lurer.am: Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ՝ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում և մարդկանց միջև շփումներ: Այդ մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ տեղեկացնելով, որ շուտով այն կհրապարակվի:
«Կուզենայի նշել այն դրույթը, ըստ որի՝ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա:
Նաև առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային: Նշվում է նաև, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում»,- ասաց Միրզոյանը:
Փաստաթղթում անդրադարձ կա նաև կիբեռդիմակայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կարևորությանը: Ըստ Միրզոյանի՝ սա միայն Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի թեմա չէ, ավելի ընդգրկուն է և վերաբերում է Հայաստանի և ամբողջ Եվրոպական միության երկխոսությանը նույնպես:
Նախարարները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ նոր օրակարգը, այդ ուղղությամբ իրականացվող ակտիվ օրակարգը, գործընկերության խորացման հեռանկարները և այս համատեքստում՝ աջակցությունը Հայաստանի ջանքերին:
comment.count (0)