armenpress.am: Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։
Այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։
«Նիդեռլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ Սա հազվադեպ տեղի ունեցող իրադարձություն է։ Դա ցույց է տալիս այն նվիրումը, որը ունենք Հայաստանի նկատմամբ։ Սա խոսում է մեր կապերի մասին»,-ընդգծեց Վելդկամպը։
Նիդեռլանդների արտգործնախարարը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը նպատակ ունի ամրապնդել քաղաքական, սոցիալական և տնտեսական կապերը՝ հիմնված երկուստեք հավակնությունների վրա։
«Շատ ուրախ եմ տեսնել այս երկկողմ նվիրվածությունը։ Այսօր ևս մեկ անգամ վերահաստատեցինք այն սկզբունքները, որոնց վրա հիմնված են մեր կապերը»,-հավելեց Վելդկամպը։
Բացի այդ, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ այցի շրջանակում Երևանում պաշտոնապես կբացվի Նիդեռլանդների դեսպանությունը։
«Մեր դեսպանությունն արդեն գործում էր Երևանում, սակայն մինչ այժմ պաշտոնական բացում չէինք իրականացրել։ Սա ևս մեկ կարևոր քայլ է Նիդեռլանդների և Հայաստանի համագործակցության ամրապնդման համար»,-նշեց Վելդկամպը։
comment.count (0)