Գույքահարկի բեռը չի նվազի. կառավարությունը դեմ է փոփոխություններին
 |civilnet.am|
12:42 - 13 մարտի, 2025

Գույքահարկի բեռը չի նվազի. կառավարությունը դեմ է փոփոխություններին |civilnet.am|

civilnet.am: Մարտի 13-ին կառավարությունը կրկին բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագիծը, որը նախատեսում էր չեղարկել գույքահարկի մոտ 30 տոկոսային ավելացումը։

Նախագիծը ներառվել էր զեկուցվող հարցերի ցանկում և հիմնավորվում էր նրանով, որ ներկայիս հարկային համակարգը լրացուցիչ ծանրություն է ստեղծում հատկապես սոցիալապես անապահով քաղաքացիների համար։ Ընդդիմադիր պատգամավորները նշել էին, որ արդեն իսկ ցածր արժեք ունեցող անշարժ գույքի սեփականատերերը հարկվում են, մինչդեռ նախկինում այս խումբը գույքահարկից ազատված էր։

Նախագծի հեղինակները պնդում են, որ եթե փոփոխությունը չեղարկվի, ապա 2026 թվականի հունվարի 1-ից գույքահարկի բեռը կավելանա ևս 30 տոկոսով, ինչը, ըստ նրանց, անարդար և հակասոցիալական մոտեցում է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, հիշեցրեց, որ գույքահարկի բարձրացման ծրագիրը նախատեսված էր դեռ 2018-19 թվականներին, երբ կառավարությունը ներդրեց համահարթ եկամտային հարկը։ «Այժմ ունենք 20 տոկոս եկամտային հարկ։ Այն ժամանակ ընդդիմադիրները ցույցեր էին անում, պնդելով, որ մենք խորացնում ենք սոցիալական անարդարությունը։ Սակայն մենք նշել էինք, որ դա միակողմանի քայլ չէ, և հաջորդիվ պետք է ավելացվեր գույքահարկը, ինչը և արվել է»,- ասաց նա։

Վարչապետը նաև ընդգծեց, որ այս հարկային քաղաքականության արդյունքում համայնքների բյուջետային մուտքերը կրկնապատկվել են, քանի որ պետական բյուջեն այս փոփոխությունից չի ստանում որևէ գումար, իսկ ողջ եկամուտն ուղղվում է համայնքներին։

«Ընդհանրապես խոսել այս համակարգի դեմ, նշանակում է, որ մեր գյուղերը պետք է մնան ցեխի մեջ»,- ընդգծեց վարչապետը՝ հորդորելով նախագծի կողմնակիցներին գնալ սահմանապահ գյուղեր ու տեսնել՝ ինչ փոփոխություններ են տեղի ունենում։

Ավելի վաղ գործադիրը բացասական եզրակացություն էր տվել ընդդիմադիրների մեկ այլ նախագծին՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը չեղարկելու վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել