2020 թ․ հոկտեմբերի 3-ին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտություն կա՞ թե՞ ոչ․ արդեն 3 նիստ է՝ Հակակոռուպցիոն դատարանում չի ավարտվում այս հարցի քննարկումը։
Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ՝ այն բանի համար, որ նա զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաև ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում 13-րդ վաշտի անձնակազմին տվել է «նահանջ» հրաման՝ չսահմանելով նաև նահանջի ուղղություն և նոր բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը Կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք և անզգուշությամբ առաջացրել մարտական առաջադրանքի խափանում և այլ ծանր հետևանքներ։
Գրիգորյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունել, պնդել է՝ ինքը չի փախել, այլ ինչքան կարողացել է, մնացել է տեղում, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել, փրկել է իր անձնակազմի կյանքը։
Գրիգորյանի պաշտպան Նորայր Նորիկյանը դատարանին միջնորդել է նշանակել ռազմագիտական փորձաքննություն՝ պատասխանելու համար մի շարք հարցերի, առանց որոնց, ըստ նրա, հնարավոր չէ գնահատական տալ Գրիգորյանի գործողություններին՝
1․ տվյալ իրադրության պայմաններում արդյո՞ք իրավաչափ են եղել Հայկազ Գրիգորյանի ձեռնարկած քայլերը եւ տրված հրամանները նահանջի մասին,
2․ կոնկրետ ո՞ր հանգամանքներն են հանդիսացել Հայկազ Գրիգորյանի կողմից նշված հրամանի իրական նպատակներն ու պատճառները,
3․ արդյո՞ք Գրիգորյանը իր ենթակա անձնակազմով իր զորու էր կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը կամ դիմագրավել հակառակորդին։
4․ արդյո՞ք տվյալ տարածքում գտնված ժամանակահատվածում զինծառայողները չեն եղել առավել վտանգավոր տեղանքում, եւ արդյո՞ք Գրիգորյանի գործողությունները միտված չեն եղել անձնակազմի անվտանգությունն ապահովելուն,
5․ Հայկազ Գրիգորյանի կողմից ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի անձնակազմին տրված նահանջ հրամանի արդյունքում արդյո՞ք խափանվել է որեւէ մարտական առաջադրանքի կատարում, եթե այո, ապա ի՞նչ մարտական առաջադրանք է խափանվել հատկապես այդ հրամանի հետեւանքով,
6․ եթե չլիներ այդպիսի հրաման, արդյո՞ք կկատարվեր վերը նշված մարտական առաջադրանքը, թե ոչ,
7․ արդյո՞ք Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանով կազմաքանդվել են նշյալ զորամասի եւ 5-րդ ուսումնական գումարտակի մարտակարգերը եւ զորաշարվածքը, արդյո՞ք բացառապես դրանով պայմանավորված են հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել պաշտպանության խորքը,
8․ արդյո՞ք բացառապես Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանի պատճառով է հակառակորդին հաջողվել գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած առաջին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը եւ հարակից մարտական դիրքերը,
9․ Հայկազ Գրիգորյանի գործողությունների արդյունքում ի՞նչ վնաս է հասցվել կամ առհասարակ դրանք ի՞նչ հետեւանք են թողել մարտական գործողությունների հետագա ընթացքի վրա։
Դատարանը նրան առաջարկել էր լրացնել միջնորդությունը՝ այդ թվում մանրամասնելով նաեւ այն իրադրությունը, որով պաշտպանական կողմը հանգել է փորձաքննության անհրաժեշտության։
Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ փորձաքննություն կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառում, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքներ:
Պաշտպանը կասկածի տակ է դնում մեղադրանքի հիմնավորվածությունն ու օբյեկտիվությունը
Այսօրվա նիստին պաշտպան Նորիկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար, վկա Արսեն Խաչատրյանը իր ցուցմունքում հայտնել է, որ հակառակորդը ունեցել է 3 տանկ, 100 հետեւակ, կենդանի ուժը շատ է եղել, դրա համար էլ կարողացել է գրավել հրամանատարական դիտակետը․ Խաչատրյանը նշել է, որ նորակոչիկներին մարտական գործողություններում ներգրավելը չի բխում գործող Մարտակարգից, եւ որ նորակոչիկների անձնակազմը ներդաշնակման ցածր մակարդակի վրա է եղել. «Իմ հարցին՝ եթե Հայկազ Գրիգորյանը չնահանջեր, ըստ վկայի՝ հակառակորդը դարձյալ չէ՞ր գրավի այդ բնագիծը, վերջինս կոնկրետ պատասխան չի տվել, ասել է՝ 50/50»,– նշեց պաշտպանը։
Նրա խոսքով՝ թեեւ Մարտական կանոնագիրքը պաշտպանական կողմին ամբողջությամբ հասանելի չէ, սակայն դատարանում հրապարակված դրույթներում ուղղակիորեն նշված է, որ այդ կանոնները պետք է կիրառել ստեղծագործաբար․ «Այսինքն՝ ցանկացած հրամանատար իրավասություն ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու, հատկապես՝ պատերազմական իրավիճակում»,– շեշտեց Նորիկյանը՝ հավելելով, որ հնարավոր չէ առաջնորդվել ձեւական կանոններով։
Իրր ցուցմունքում վկան թեեւ ընդունել է, որ նահանջի հետեւանքով են դիրքերը գրավվել, բայց եւ նշել է՝ մարտունակության տեսանկյունից անձնակազմը չէր կարող լուծել իր առջեւ դրված խնդիրը։
Նորիկյանը մեջբերեց նաեւ զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի ցուցմունքից դրվագներ՝ հիշեցնելով, որ ըստ Պողոսյանի՝ ուժերի հարաբերակցությունը 1/15 է եղել․ «Իմ այն հարցին՝ երբ Հայկազի վաշտը դուրս է եկել այդ դիրքից, արդյոք չի խախտվել ձեր այդ բնագիծը, Պողոսյանը պատասխանել է՝ եւ խնդիր է առաջացրել, որ դուրս է եկել, եւ ոչ, քանի որ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբեր տարբեր տեղերում եղել են, հիմա ասել՝ այլ տեղով են անցել թե նրանց պաշտպանական շրջանով, ես չեմ կարող։ Մյուս հարցին՝ եթե վաշտը մնար ու 80 նորակոչիկ զոհ տար, մարտական խնդիրը այդպիսով կլուծվե՞ր, Պողոսյանը պատասխանել է՝ եթե մնար, միասին էինք նահանջելու։ Միաժամանակ հրամանատարը հստակ նշում է, որ եթե ինքը նահանջի հրաման չտար, ապա 2-րդ եւ 3-րդ վաշտերի անձնակազմը կզոհվեր։ Հարցին, թե ի վերջո ինչ վնաս են կրել նահանջի արդյունքում, եթե 1-ին գումարտակի հրամանատարն ասում է՝ նահանջից մի քանի օր անց հետ են գրավել ՀԴԿ–ն, զորամասի հրամանատարը դժվարացել է հստակ պատասխանել»։
Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ նշված ցուցմունքներով առնվազն կասկածի տակ են դրվում Հայկազ Գրիգորյանի մեղադրանքի հիմնավորվածությունն ու օբյեկտիվությունը եւ հավաստվում իրենց միջնորդության պատճառաբանվածությունն առ այն, որ փորձագիտական մակարդակով գնահատված չեն Գրիգորյանի գործողությունները։
Ըստ մեղադրողի՝ Գրիգորյանի գործողությունների իրավաչափությունը գնահատելը իրավաբանական հարց է, ոչ փորձագիտական
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը առարկեց պաշտպանի միջնորդությանը՝ պնդելով, որ վերջինս ցուցմունքները մեջբերում է հատվածական․ «Երբ 1-ին հարցի մեջ նշում եք «տվյալ իրադրության պայմաններում», ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչ իրադրության մասին է խոսքը, ո՞րն է իրադրությունը, ի՞նչ նկատի ունեք, որ նորակոչիկնե՞ր են, իրադրությունը սա՞ է։ Եթե ասում ենք իրադրություն, պիտի ներկայացնենք հակառակորդի հարձակում, բարոյահոգեբանական վատ վիճակ եւ այլն, եւ այլն։ Ինձ համար հասկանալի չէ՝ մենք փորձագետին ինչ ենք հարցնելու։ Փոխարենը ունենք իրադրություն, որտեղ չկա հարձակում, իրադրությունը այն է եղել, ինչ սեպտեմբերի 27-ին, սա հաստատվել է վկաների ցուցմունքներով։ Եթե բարոյահոգեբանական վիճակն է հարցը, դա էլ է սահմանված՝ վաշտի հրամանատարըտ պատասխանատու է բերել, այդ վիճակը պարզել, ոչ թե ասել՝ ճիշտ եք ասում, եկեք գնանք, տեսնենք ինչ է, մի հատ էլ մի դիրք էն կողմ գտնվող անձնակազմին ասել՝ դուրս ենք գալիս»։
Գեւորգ Ավետիսյանի խոսքով՝ գնահատելու համար՝ Հայկազ Գրիգորյանի գործողությունները իրավաչա՞փ են եղել թե ոչ, պետք է դրանք համադրեն նորմատիվ իրավական ակտերի հետ, իսկ դա լրիվ իրավաբանական հարց է․ «Մարտական կանոնադրության համաձայն՝ պաշտպանությունն իրականացվում է հակառակորդին առավելագույն կորուստ պատճառելով, նրա գերազանցող ուժերով հարձակումը կասեցնելու, տեղանքի կարեւորագույն կետերը, նույնիսկ շրջափակման եւ հարեւանների կապի բացակայության պայմաններում առանց ավագ պետի հրամանի չթողնելով։ Հիմա մենք ունենք ցուցմունքներ, որ ոչ շրջափակման մեջ են եղել, ոչ կապի բացակայություն է եղել։ Մեզ ի՞նչ հատուկ գիտելիքներ են անհրաժեշտ, որ համադրենք Հայկազի դեպքի հետ եւ նոր կարողանանք եզրակացություն կատարել»։
Նույն կանոնադրության համաձայն՝ նահանջը կատարվում է վաշտը մարտունակ վիճակում ժամանակին, որոշված շրջան հասնելով կամ նշանակված պաշտպանության շրջան զբաղեցնելով։ Մեջբերելով այս դրույթը՝ մեղադրողը պնդեց՝ ցուցմունքներով հաստատված է, որ ոչ պաշտպանական շրջան են որոշել, ոչ հասել․ «Հիմա արդյո՞ք այդքան բարդություն է ներկայացնում իրավաչափությունը գնահատելը»։
Անդրադառնալով պաշտպանի երրորդ հարցին՝ արդյո՞ք Գրիգորյանի վաշտը ի զորու էր կատարել իր առջեւ դրված խնդիրը կամ դիմագրավել, մեղադրողը հիշեցրեց, որ հարեւան երկու վաշտերը ի զորու են եղել, ավելին՝ հարեւան վաշտից 20 հոգի Հայկազ Գրիգորյանի վաշտի նահանջից հետո եկել եւ տեղակայվել է այդ դիրքերում․ «Ինչպե՞ս է ստացվում, որ այն 200 հոգին այդ հնարավորությունը ունեին, Հայկազ Գրիգորյանի 100 հոգին՝ ոչ»,– հարց հնչեցրեց Ավետիսյանը՝ հիշեցնելով, որ զորամասի հրամանատարը Հայկազ Գրիգորյանի գործողությունները որակել է փախուստ։
Պաշտպան Նորայր Նորիկյանը հակադարձեց, թե՝ այդպիսի փախուստ չի լինում․ «Հնարավոր չէ՝ մարդ փախչի մի գործողությունից, երկու օր հետո բարձր պաշտոնի նշանակեն, ասեն՝ դե շարունակիր նույն գործողությունները։ Եթե փախչեր, կգնար, ընդհանրապես չէր մասնակցի պատերազմին։ Կարող եք ասել՝ սխալ նահանջ է, կանոնադրությանը չհամապատասխանող գործողություն է, բա մենք էլ էդ ենք ասում, թող մասնագետները դա գնահատեն»։
Անդրադառնալով պաշտպանի 4-րդ հարցին՝ արդյո՞ք չեն գտնվել վտանգավոր տեղանքում, մեղադրողը ընդգծեց՝ թե՛ տրամաբանորեն, թե՛ ներքին ծառայության կանոնագրքով՝ եթե պետք է զորքի անձնակազմի անվտնգությունը հանգեցնի առաջադրանքի խափանման, պիտի ընտրես առաջադրանքի կատարումը․ «Էս դեպքում էլ ի՞նչ հարցադրում անենք փորձագետին, հարցնենք՝ լա՞վ է արել, որ անվտանգությունն է կարեւորել»։
Պաշտպանը դարձյալ առարկեց մեղադրողին՝ պնդելով, որ վարույթի հիմքում մասանգիտական խոսք չկա, կա գեղեցիկ ձեւակերպված իրավաբանական տեքստ, բայց պաշտպանության կողմը կարծում է, որ դա բավարար չէ։
Տեւական ժամանակ հակադարձումներից հետո կողմերը ավարտեցին ելույթները, նախագահող դատավոր Վարդգես Ստեփանյանը հայտնեց՝ միջնորդության լուծման համար դատարանը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։
Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 24-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)