azatutyun.am: Խաղաղությունը չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչպիսի՞ն պետք է լինի Նոր Սահմանադրությունը, որ ունենա տարածաշրջանային նշանակություն, ասաց արդարադատության նախարարը։
«Խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը», - ասաց Սրբուհի Գալյանը։
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ղեկավարող նախարարը նաև ընդգծեց, որ նոր Սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը՝ չպարզաբանելով, թե գործող Սամանադրությունն ինչպե՞ս է խոչընդոտում խաղաղությանը։
Մարտի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բայց թե ինչպես է Հայաստանի նոր Սահմանադրությունը ազդելու տարածաշրջանի վրա, Փաշինյանը չմանրամասնեց:
Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են։ Հայաստանի արտգործնախարարությունն էլ հաստատեց ու վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ։
Չնայաշ վերոնշյալ հայտարարություններին Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
Բաքուն, մասնավորապես, պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ:
comment.count (0)