Ըստ ՀՖՖ նախագահի՝ ֆեդերացիայի դեմ ծրագրավորված արշավ է գնում |armenpress.am|
12:33 - 09 ապրիլի, 2025

Ըստ ՀՖՖ նախագահի՝ ֆեդերացիայի դեմ ծրագրավորված արշավ է գնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի կարծիքով ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հստակ ծրագրավորված արշավ է գնում: Նա նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Վերջին շրջանում հատկապես մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու իմ գործունեության հետ: Դրանք կրում են պատվիրված բնույթ: Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին: Իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում իրենց ամենաստոր նպատակներից: Օգտագործվում է մեծ մեդիա ռեսուրս, որն ընդհանուր առմամբ թյուրըմբռնում է առաջացնում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հստակ ծրագրավորված արշավ է գնում»,- ասաց Մելիքբեկյանը: 

Հայկական ֆան-ակումբները ազգային հավաքականի վերջին պարտություններից հետո բողոքի տարբեր գործողություններ են իրականացնում՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ ՀՖՖ ղեկավարությունը չի կարողացել իրագործել այն ծրագիրը, որը ներկայացրել են ընտրվելիս, ուստի կառույցի ղեկավարությունը պետք է հրաժարական տա։ 

«Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը, անդրադառնալով Արմեն Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ գործկոմի անդամ առաջադրվելուն, գրել էր. «Մենք չենք շահարկել այս հարցը հրաժարականի պահանջի համատեքստում։ Հիմա, երբ բոլոր սահմանները այլևս անցած են, եթե այս մարդը առաջիկայում հստակ չտեղեկացնի իր հրաժարականի ժամկետների մասին, մենք հնարավոր է նախաձեռնենք պրոցես նրա՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ… ՀՖՖ-ն թողնելու պարագայում միանշանակ կողմ ենք Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ գործկոմում հայտնվելուն»։

ՀՖՖ նախագահը արձագանքել էր այս հայտարարությանը, թե «նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը». «Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն։… Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել