Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը
18:59 - 02 մայիսի, 2025

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

Իրանահայ մի շարք կազմակերպություններ կոչով դիմել են իրանահայ համայնքի կառույցներին և տեղի հայ պատգամավորներին՝ դատապարտելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը, որի ժամանակ ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված էր ՀՀ անվամբ, դրոշով և զինանշանով, նախքան ծրագրի սկսվելը անհետացել է Եղեռնի զոհերի հուշարձանի մոտից, և հայտնաբերվել բզկտված վիճակում, վրայի խորհրդանիշները պոկոտված ու ոտքի տակ թափթփված։ 

Կոչում մասնավորապես նշված է․

«Իրանահայ համայնքի կրոնական և ազգային կառույցներին, նրանց ենթակա մարմիններին, հանձնախմբերին, եկեղեցական խորհուրդներին, հասարակական, տնտեսական, մշակութային և մարզական միություններին և Իրանահայ համայնքի բոլոր անդամներին.

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված էր Հայաստանի Հանրապետության անվամբ, դրոշով և զինանշանով, նախքան ծրագրի սկսվելը անհետացել է Եղեռնի զոհերի հուշարձանի մոտից, և հայտնաբերվել բզկտված վիճակում, վրայի խորհրդանիշները պոկոտված ու ոտքի տակ թափթփված։

Ծաղիկների խոնարհման ընթացքում, երբ ՀՀ դեսպանության պատվիրակությունը շարժվում է դեպի հուշարձան, հանկարծ կարգապահներից անցնելով պատվիրակության կողմն են հարձակվում երկու-երեք կանայք, որոնք մոտենալով ՀՀ Դեսպանին ու նրա տիկնոջը և ընկերակցողներին, ջանում են նրանց ձեռքերին հարվածելով խլել մատուցման համար նախատեսված ծաղիկները:

Ավելի ուշ, խայտառակությանն ավելացավ ևս մի նոր դրվագ, երբ նույն դավադրության հերթական հատվածն իրականացրին Լկտիությունը բեմադրած խմբի մի քանի այլ անդամներ ՀՀ իշխանություններին ուղղված լուտանքների վանկարկումով։

Անկախ այն բանից, թե ՀՀ դեսպանությունն ինչպիսի վերաբերմունք է ունենալու չարամտորեն նախապատրաստված բեմադրության հեղինակների նկատմամբ, այդ արարքներն իրենց մեջ պարունակած մաղձի, անշնորհք պահվածքի և անպատասխանատու վերաբերմունքի առումով դատապարտելի են։

Այն ժողովուրդը, որ քանիհարյուրամյա ստրկություն է ճաշակել, այսօր իրավունք չունի Հայ Պետականության գոյության ու նրա խորհրդանիշների բարձր բարոյական արժեքն ու նվիրական գոյության արժեվորման ու պահպանման պարտականությունը չհասկանալ։

Եղեռնի հիշատակի միջոցառումները, որոնք մեր ազգային միասնականության խորհրդանիշներից են, այսօր չեն կարող տգետ անձանց անբարո արարքներով իրենց հակոտնյային վերածվել։

Հանցանք կատարող անձինք կարող են չհասկանալ իրենց արածի գեշության աստիճանը, հաճախ այդպիսիները ունակ էլ չեն այդ կարգի բաների գիտակցելուն, բայց գիտակից հայորդիները, այդ տգեղ և տգետ արարքները կանխելու առումով լուրջ պարտականություններ ունեն։

Մենք, ներքո ստորագրող կառույցներս, խստորեն դատապարտելով այդ ստոր ու դավադիր արարքը, դիմում ենք Իրանի խորհրդարանի զույգ պատգամավորներին, հատկապես պարոն Արա Շահվերդյանին, ով նաև ԻԻԽ-ում Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահն է, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովին, Թեմական խորհրդին, նրա կողմից կյանքի կոչված` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի կազմակերպիչ հանձնախմբին և ազգային արժեքների խաթարման հանդեպ խղճմտանք ունեցող բոլոր հայորդիներին, խստիվ դատապարտել տեղի ունեցածը և համապատասխան միջոցներ ձեռնարկել կատարվածն ըստ արժանվույն գնահատելու՝ այդ մոլորյալ ընթացքի շարունակությունը կանխելու համար։

- Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիր
- Իրանահայ ազգային և մշակութային միություն
- Զեյթուն թաղամասի Հայ «Աշխարհատեսների» կենտրոն
- Սասուն թաղամասի Հայ «Աշխարհատեսների» կենտրոն
- «Արաքս» շաբաթաթերթ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել