Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի դեսպանին
21:50 - 18 հունիսի, 2025

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի դեսպանին

Հունիսի 17-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին և պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ողջունելով դեսպանին՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և ընդգծել, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանն ու Լյուքսեմբուրգն ունեն համագործակցության լայն հնարավորություններ։

Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրել է բնակչության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրականացվող գործընթացները, ճգնաժամային կառավարման և ճգնաժամային հաղորդակարգերի զարգացման հեռանկարները։

Ալեն դը Մյույզերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել ՆԳ նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Դեսպանն ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը՝ խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և բնակչության պաշտպանության ոլորտներում։

Ալեն դը Մյույզերն իրատեսական է համարել երկկողմ համագործակցության զարգացումը՝ հատկապես աղետների ռիսկի նվազեցման, ճգնաժամային կառավարման կարողությունների ամրապնդման, ինչպես նաև փորձի փոխանակման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և դիմակայունության զարգացման ուղղություններով։

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակական դարձնելու պատրաստակամությունը

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել