Աշխարհի արձագանքը՝  Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը
12:45 - 22 հունիսի, 2025

Աշխարհի արձագանքը՝ Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա իրականացված օդային հարձակումներից հետո մի շարք երկրներ հանդես են եկել հայտարարություններով՝ արտահայտելով իրենց մտահոգությունն ու տվել գնահատական տարածաշրջանում սրվող իրավիճակի վերաբերյալ։

Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիան հայտնել է իր «խոր մտահոգությունը» ԱՄՆ հարձակումների կապակցությամբ։

Արտաքին գործերի նախարարության կողմից X սոցիալական հարթակում տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը մեծ մտահոգությամբ հետևում է եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների թիրախավորմանը»։

Թագավորությունը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել, խուսափել լարվածության խորացումից և համաշխարհային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ջանքերը՝ քաղաքական լուծման հասնելու համար։

Կատար

Կատարը նույնպես մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ ԱՄՆ-ի հարվածները կարող են «լուրջ հետևանքներ» ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում։

«Արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ տարածաշրջանում առկա վտանգավոր սրումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ», - նշված է պաշտոնական հայտարարությունում։

Կատարը բոլոր կողմերին կոչ է արել «խոհեմություն և զսպվածություն» ցուցաբերել։

Օման

Օմանը, որը միջնորդում էր ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցություններում, խիստ դատապարտել է հարձակումը։

«Օմանի Սուլթանությունը իր խոր մտահոգությունն է հայտնում, ինչպես նաև դատապարտում և խստագույն գնահատականն է տալիս սրացմանը, որն առաջացել է ԱՄՆ-ի օդային հարվածներից Իրանի Իսլամական Հանրապետությունում», - հայտարարել է պաշտոնական Օմանի լրատվական գործակալությունը։

Իրաք

Իրաքը նախազգուշացրել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը սպառնում է Միջին Արևելքի խաղաղությանն ու կայունությանը։

«Այս ռազմական սրումը լուրջ սպառնալիք է խաղաղությանը և անվտանգությանն ամբողջ տարածաշրջանում և վտանգում է կայունությունը», - ասել է կառավարության ներկայացուցիչ Բասիմ Ալավադին։

Մեծ Բրիտանիա

Վարչապետ Քիյր Սթարմերը հայտարարել է, որ Իրանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։

«Իրանի միջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է միջազգային անվտանգությանը։ Իրանը երբեք չպետք է հնարավորություն ստանա զարգացնելու միջուկային զենք, և ԱՄՆ-ն գործել է այդ սպառնալիքը նվազեցնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Եվրոպական միություն

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը՝ Կայա Կալասը, կոչ է արել անհապաղ դադարեցնել սրումը և վերադառնալ բանակցություններին։

«Կոչ եմ անում բոլոր կողմերին հետ կանգնել, վերադառնալ բանակցությունների և խուսափել հետագա սրացումից», - գրել է նա X-ում՝ ընդգծելով, որ Իրանը չպետք է երբևէ միջուկային զենք ստեղծի։ Նա հավելել է, որ ԵՄ արտգործնախարարները երկուշաբթի կքննարկեն ստեղծված իրավիճակը։

ԱՄՆ - Դեմոկրատներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը մեղադրել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ երկիրը պատերազմի տանելու մեջ։

«Նախագահ Թրամփը մոլորեցրել է երկիրը իր իրական մտադրությունների հարցում, չի դիմել Կոնգրեսի հաստատմանը՝ ռազմական ուժի կիրառման համար և վտանգել է Ամերիկան՝ ներքաշելով այն աղետալի պատերազմի մեջ Մերձավոր Արևելքում», - ասվում է նրա հայտարարության մեջ։

«Դոնալդ Թրամփն ամբողջությամբ պատասխանատու է ցանկացած բացասական հետևանքի համար, որոնք առաջանում են իր միակողմանի ռազմական գործողությունից»։

Լատինական Ամերիկայի երկրներ

Մի շարք Լատինական Ամերիկայի երկրներ խիստ քննադատությամբ են արձագանքել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա իրականացված հարձակմանը՝ այն դիտարկելով որպես վտանգավոր սրում և միջազգային իրավունքի խախտում։

Կուբա

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի խոսքով՝ հարվածները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը՝ «մարդկությանը մղելով անդառնալի հետևանքներով ճգնաժամի մեջ»։

Չիլի

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչն X-ում գրել է. «Մենք պահանջում ենք և կարիք ունենք խաղաղության»՝ դատապարտելով հարձակումը։

Վենեսուելա

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է հայտարարություն, որում ԱՄՆ գործողությունները որակել է որպես «ռազմական ագրեսիա Իրանի դեմ»։

Կոլումբիա և Մեքսիկա

Այլ պետություններ՝ մասնավորապես Կոլումբիան և Մեքսիկան, ուղղակիորեն կոչ են արել սանձել լարվածությունը։

Կոլումբիայի ԱԳՆ-ն նշել է, որ «միակ պատասխանատու և երկարաժամկետ լուծումը բանակցություններին վերադառնալն է», իսկ Մեքսիկան ընդգծել է. «Տարածաշրջանում խաղաղ համակեցության վերականգնումը մնում է գերակա առաջնահերթություն»։

Լուսանկարը՝ Արաշ Խամուշին/The New York Times


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել