Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գ. Մանուկյանի հարազատներին և գործընկերներին»,- ասված է հաղորդագրությունում։
Կենսագրություն
Ծնվել է 1937 թ․ մայիսի 6-ին։
1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։
1958-1959 թթ. աշխատել է Կապանի դրամատիկական թատրոնում, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967 թ.-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնում։
Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը»,
ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։
Կինոյում նկարահանվում է 1964 թ.-ից։
Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։ 2006-2015 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
comment.count (0)