tert.am: Արտաշատի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք այս պահին ընդունվել է 25 հիվանդ, բոլորի վիճակը` միջին ծանրության, մինչև Ինֆեկցիոն բաժանմունք գալը 3 հիվանդ դիմել է մանկական բաժանմունք, նորից` միջին ծանրությամբ: Այս մասին ասաց ԲԿ-ի Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուշ Հովակիմյանը` անդրադառնալով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցից Արտաշատի ԲԿ տեղափոխված երեխաների առողջական վիճակին:
Նա նշեց, որ այս պահին բոլորի վիճակը կայուն է: «Բոլորին ընդունել ենք որպես սննդային թունավորում ստացած, բոլորը նշում են, որ դպրոցում պիցցա են կերել, որից ընդամենը մեկ ժամ հետո սկսվել են կլինիկական նշանները` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, ցավեր էպիգաստրալ շրջանում: Մեծ մասն արդեն այդ վիճակից դուրս է եկել, երևի 1-1.5 ժամվա ընթացքում դուրս գրենք Ինֆեկցիոն բաժանմունքից, մյուսները դեռ կմնան հսկողության տակ»,- ասաց նա:
Արտաշատի ԲԿ-ի Մոր և մանկան գծով փոխտնօրեն Գրիգոր Շադյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց` երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, ծանր դեպքեր չկան: «Ամենայն հավանականությամբ, մոտակա ժամերի ընթացքում բոլորին կուղարկենք տուն»,-ասաց նա:
Գրիգոր Շադյանը վստահեցրեց նաև, որ դիմողների մեծ թվով պայմանավորված` հիվանդանոցում ծանրաբեռնվածության խնդիր չի եղել, բոլոր աշխատանքները կատարվել են նորմերին համապատասխան:
Նշենք, որ հիվանդանոցում էին նաև Արտաշատի թիվ 5 դպրոցի աշխատակիցներ, որոնք չցանկացան որևէ մեկնաբանություն տալ` նշելով միայն, որ իրենց դպրոցի վերաբերյալ տարբեր հրապարակումներ են արվում` առանց ճշգրտումների:
Հիշեցնենք, այսօր Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտներ տեղափոխվել են Արտաշատի ԲԿ: Ըստ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության՝ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:
comment.count (0)