shantnews.am: Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի ժամկետները երկարացվեցին մինչև հուլիսի 1-ը: Սա անասնատերերի ու մսավաճառների բողոքների արդյունքն էր: Այս ժամկետում հանրապետությունում կառուցվելու են սպանդանոցներ, իսկ դրանք կառուցողներին կառավարությունն աջակցելու է սուբսիդավորվող վարկերով ու լիզինգային ծրագրերով: Ովքեր են պատրաստ սպանդանոցներ կառուցել Շիրակի մարզում: Այս մասին Շիրակի մարզպետարանում այսօր խոսել են պատրաստակամություն հայտնողներն ու մարզային իշխանության ներկայացուցիչները: Կառուցումից առաջ ձեռներեցներին հետաքրքրում են պայմանները, որոնցով աշխատելու են սպանդանոցները:
Սպանդանոցների կառուցման ու պայմանների շուրջ քննարկում նախատեսված էր անցկացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի մասնակցությամբ: Բայց նրանք այսօր Գյումրի չէին հասել: Պատճառը ձյունն էր ու բուքը, Երևան-Գյումրի մայրուղին դժվարանցանելի էր: Իսկ մարզի տարբեր բնակավայրերից մարզպետարան հասել էին ֆերմերներն ու սպանդանոց կառուցել ցանկացողները: Շիրակի մարզպետը նախ նրանց ներկայացրեց, որ սպանդանոցների կառուցման երկու մոդել է այժմ քննարկվում: Ե՛վ ստացիոնար, և՛ մոբիլ՝ շարժական սպանդանոց Շիրակի մարզում կառուցելու առաջարկ ներկայացնողներին պայմաններն են հետաքրքրում, նաև շուկայի ուսումնասիրությունը, թե մարզի անասնագլխաքանակին քանի սպանդանոցը բավարար կլինի:
Սա քննարկման ընթացքում հնչած միակ հարցուպատասխանն էր: Մասնակիցներն ավելի ազատ քննարկում արդեն մարզպետարանի միջանցքում սկսեցին: Շուկան ուսումնասիրել ու սպանդանոց կառուցել Արթիկում ձեռներեցներից մեկը որոշել էր 2 տարի առաջ: Սպանդանոցի համար կատարված հողհատկացումը կա, բայց շինությունը դեռ կառուցված չէ: Գործարարը բացատրում է՝ սպանդանոց ուզում էր կառուցել, բայց սպանդանոցային մորթի պահանջ չկար, ինքն էլ ռիսկի չի գնացել:
«Եթե երկու տարի առաջ կառուցեի սպանդանոց, այն պարապուրդի կմատնվեր, քանի որ օրենքը չկար և ոչ մեկը մորթի անասուն չէր բերի, բոլորը բակերում էին մորթում: Այս տարի Ամանորին բոլոր մայթերին միս էր վաճառվում, հնարավոր չէր նույնիսկ անցնել: Եթե իրավիճակը պետք է շարունակի այդպիսին լինել, սպանդանոցները նորից պարապուրդում կլինեն: Դա նույնն է, ինչ տուն կառուցես, բայց գնաս վրանում քնես: Հիմա ես նպատակ ունեմ սպանդանոց կառուցել , հարևանությամբ նաև խանութ ունենալ, որ գյուղացին բերի ինձ հանձնի անասունը և գնա»,- ասել է ձեռներեց Թելման Մարտիրոսյանը:
Սա ևս քննարկման հարց է, թե ինչպես է մսի մթերումը կազմակերպվելու սպանդանոցներում: Մթերում, որպես այդպիսին, լինելո՞ւ է, թե միայն մորթ են կատարելու: Այս հարցի պատասխանը, ևս, ըստ Շիրակի մարզպետի, կախված է նրանից, թե սպանդանոց կառուցողը ինչպիսի բիզնես նպատակներ կունենա:
«Շիրակի մարզում կառուցված սպանդանոցը, ելնելով կազմակերպչի մոտեցումից, կարող է միս մթերել նաև հանրապետության այլ շրջաններից: Կախված է, թե կառուցողը ինչ բիզնես մոդել է սարքելու:Սպանդանոց չի նշանակում, թե այն միայն մորթ կատարելու համար է, այն շղթայական կարող է նաև մատակարար լինել կամ էլ վերամշակող: Ես չեմ ուզում, որ մարզպետարանը քարտեզ կառուցի, թե որտեղ և որքան սպանդանոցներ պետք է լինեն, ու ինչքան մորթ կատարեն: Այս հարցերը թողնում ենք շուկայի ազատ կարգավորմանը»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
comment.count (0)