ԱԺ-ն հավանություն տվեց մետաղական հանքարդյունահանող ընկերությունների հարկին առնչվող նախագծին |armenpress.am|
10:33 - 06 մայիսի, 2020

ԱԺ-ն հավանություն տվեց մետաղական հանքարդյունահանող ընկերությունների հարկին առնչվող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության  ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է, որ մետաղական հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացվեն նպատակային ծրագրերի իրականացման համար այն համայնքներում, որտեղ այդ ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: 

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նածագիծը ԱԺ նիստում ստացավ 109 «կողմ» ձայն:

Սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաեւ Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում եւ առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը սույն պարբերության մեջ նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը նշել էր, որ իրենց համար, սակայն, անընդունելի է օրենքի մակարդակով ֆիքսել ընկերությունների անուններ, որոնցից պետք է մասհանումներ կատարվեն:

Գումարները չեն տրամադրվելու ինքնանպատակ, դրանք տրամադրվում են սուբվենցիոն նպատակային ծրագրերի համար: Առաջարկվում է, որ համայնքները նախապես ծրագրերը հրապարակեն մարզպետարանի, համայնքի կայքում: Մյուս փոփոխությամբ, ըստ համայնքների կամ բնակավայրերի բաշխվածության, կարգ սահմանելու իրավասությունը վերապահվում է կառավարությանը: Այսինքն՝ կսահմանվի այն կարգը, որով, ենթադրենք, մի քանի ազդակիր համայնք ունենալու դեպքում համապատասխան բաշխման կանոններն էլ կգործեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել