Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել COP-17-ը. Հակոբ Սիմիդյան |1lurer.am|

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել COP-17-ը. Հակոբ Սիմիդյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանում ելույթը սկսեց շատ կարևոր անդրադարձով՝ Կոլումբիայում հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցած Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CBD) կողմերի 16-րդ համաժողովում Հայաստանը հոկտեմբերի 31-ին փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվեց բնապահպանության ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկի՝ Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր: «Ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև էր: 123 երկրից 65 ձայնով ընտրվեց Հայաստանը: Հայաստանը պատրաստ է հյուրընկալել COP17-ը»,- տեղեկացրեց Հակոբ Սիմիդյանը: Նախարարի խոսքով քանի որ բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2025-ի բյուջեի նախագծով հատկացումների շրջանակը, անդրադարձ կկատարի բյուջետային հիմնական ծրագրերին, բարեփոխումներին և շրջակա միջավայրի ոլորտում իրականացվելիք նախաձեռնություններին:  Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բյուջետային 6 ծրագրի ներքո ընդգրկված 23 միջոցառման համար ֆինանավորման ծավալը նախատեսվում է 13,5 միլիարդ դրամ, որը 2024-ի հաստատված բյուջեից ավելի է շուրջ 3,7 միլիարդ դրամով, ինչն էլ հիմնականում կապված է էկոպարեկային ծառայության կայացմանն ուղղված աշխատանքներով, ինչպես նաև ազդակիր համայնքներին տրամադրվող բնապահպանական սուբվենցիաների ավելացմամբ:  «Համակարգի կայացման նպատակով այս տարվա ճշտված բյուջեի համեմատ մոտ 3,6 միլիարդ դրամով ավելացել են ընդհանուր բյուջետային հատկացումները՝ կազմելով մոտ 6,4 միլիարդ դրամ, որից 5,7 միլիարդ դրամը կտրամադրվի պահպանման ընթացիկ ծախսերին, իսկ 699,4 միլիոն դրամը՝ կապիտալ բնույթի ծախսերին»,- հայտնեց Հակոբ Սիմիդյանը:  Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կտրամադրվի 495,7 միլիոն դրամ: Միջոցառման շրջանակում կապահովվի անհետացման եզրին գտնվող արժեքավոր ձկնատեսակների՝ Սևանի իշխանի երկու ենթատեսակների արհեստական վերարտադրությունը:  ՇՄ նախարարը տեղեկացրեց նաև՝ կարևորելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը՝ նախարարությունն իրականացրել է նաև Սևանի կողակի պաշարների վերականգնման աշխատանքներ:  «Տեղեկացնեմ, որ կան ուշագրավ հաջողություններ, աճեցվել է մայրական կազմ, որի թիվը հասնում է 2000-ի»,- տեղեկացրեց Սիմիդյանը: Հիշեցնենք՝ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը, 2026-ին։
11:52 - 14 նոյեմբերի, 2024
Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:   Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ,   «Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված:   Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ.   արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ.   Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն սահմանում, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետերի տեղակայում.   «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն կսահմանվի.   Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր։   Քաղաքացիները, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։   Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով։ Բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններին կոչ ենք անում աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։   Սևանա լճում սիգի որսը կթույլատրվի միայն 2025 թվականի համար նախատեսված արդյունագործական որսի չափաքանակների որոշումից և նոր պայմանագրերի կնքումից հետո։
19:44 - 13 նոյեմբերի, 2024
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հակոբ Սիմիդյանի և Արարատ Միրզոյանի հետ

Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հակոբ Սիմիդյանի և Արարատ Միրզոյանի հետ

Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) եզրափակիչ լիագումար նիստի քվեարկության արդյունքներով քվեարկության մասնակից երկրների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել 2026 թվականին կայանալիք ամենամյա համաժողովն (COP17) անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նախարարներին բարձր մակարդակի միջազգային համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման կայացման գործում երկու նախարարությունների թիմերի ցուցաբերած համակցված և արդյունավետ աշխատանքի համար: Նախագահ Վահագն Խաչատուրյանը նաև հաջողություններ է մաղթել հանձնառու գերատեսչություններին 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում:
11:43 - 01 նոյեմբերի, 2024
Կառավարությունը 22 պիկապ կգնի Սյունիքի էկոպարեկների համար |civilnet.am|

Կառավարությունը 22 պիկապ կգնի Սյունիքի էկոպարեկների համար |civilnet.am|

civilnet.am:Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության համար կառավարությունը ձեռք կբերի 22 գործառնական նշանակության մեքենա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտոմբերի 3-ի նիստում։ Էկոպարեկային ծառայությունը ստեղծվել է՝ անտառների, անտառային հողերի, հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ապահովելու, ապօրինի անտառահատումները կանխարգելելու նպատակով։ Կառավարության որոշմամբ՝ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության համար 22 պիկապ մեքենաների ձեռքբերման համար հատկացրեց մոտ 510 միլիոն դրամ։ Այդ մեքենաները հագեցված են լինելու mobile համակարգով ու հատուկ կահավորանքով։ Հատկացված միջոցները վերաբերում են միայն Սյունիքի մարզային վարչության համար մեքենաների գնմանը, սակայն նախատեսվում է, որ Լոռու մարզային վարչության համար ձեռք կբերվի 24 մեքենա, Վայոց ձորի և Արարատի մարզերի էկոպարեկայիններին համար՝ 18-ը, Շիրակի և Արագածոտնի մարզային վարչությունների համար՝ 14-ը, Տավուշի համար 36-ը, Կոտայքի ու Գեղարքունիքի էկոպարեկային ծառայությունների համար՝ 19-ը, Երևանի ու մարզային վարչությունների համար՝ 9-ը։ Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայությունն ունենալու է 142 տեխնիկապես հագեցված մեքենա։    
12:47 - 03 հոկտեմբերի, 2024
Տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն EU4SEVAN ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը

Տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն EU4SEVAN ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը

Սեպտեմբերի 18-ին կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը, որին քննարկվեց ծրագրի իրականացման առաջընթացն ու ռազմավարական խնդիրները: Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից: Համակարգող խորհրդի նիստին ներկա են եղելՇրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ Միջազգային համագործակցության պատասխանատու Զուզանա Սորոցինովան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանն (GIZ) ու EU4Sevan ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը: Նիստին համակարգող խորհրդի կողմից ներկայացվել են առաջարկներ իրականացվելիք հետագա աշխատանքների ուղղությամբ, ինչպես նաև քննարկվել նախորդ երեք տարիներին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: Նիստը մեկնարկել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի` որպես ծրագրի համակարգող խորհրդի համանախագահի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և անդրադարձել ծրագրի ընթացքին և առկա մարտահրավերներին։ Նախարարի տեղակալն իր խոսքում ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական տվյալներ և նշել, որ Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմել է է 1900․66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․45մ-ից և որ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակի իջեցման վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը դիտվել է 2024 թվականին։ Նախարարի տեղակալն այս արդյունքները բացի «բնության պարգև» լինելուց նաև լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված աշխատանքների արդյունք է որակել։ Ողջույնի խոսքով ներկաներին դիմել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը՝ ընդգծելով ծրագրի ուշագրավ հաջողությունները և համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Սևանի խնդիրը չի սահմանափակվում ջրի պահպանությամբ, այլ տարածվում է նաև կենսաբազմազանության, հողօգտագործման և մի շարք այլ ոլորտների վրա։ Վերջում նա հույս է հայտնել, որ ծրագիրը հաջողությամբ կհաղթահարի բոլոր մարտահրավերները և կհասնի էլ ավելի մեծ հաջողությունների մոտենալով իր ավարտին: GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը նշել է. «Հաշվի առնելով որ նախագիծը թևակոխում է իր վերջնական փուլը, ավելի քան երբևէ կարևոր է վեր հանել և լուծել ծրագրի ռազմավարական մարտահրավերները, ներառյալ այն, որոնք վերաբերվում են ծրագրի ձեռքբերումների կայունության ապահովմանը: Կարծում եմ՝ բոլորս պատրաստ ենք, և մեր համատեղ ջանքերով հաջողությամբ կհաղթահարենք այդ մարտահրավերները»: «Մոտենալով EU4Sevan ծրագրի ավարտական փուլին, ես հպարտ եմ անդրադառնալու այն զգալի առաջընթացին, որը մենք ձեռք ենք բերել միասին: Այս հաջողությունը վկայում է մեր գործընկերների հետ ամուր համագործակցության և բոլոր ներգրավվածների նվիրվածության և ջանքերի մասին», - հավելել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին: EU4Sevan ծրագրի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանն ու ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը հանդիպմանը ներկայացրել են ծրագրի ձեռքբերումներն ու առկա խոչընդոտները, որին հաջորդել է քննարկումը: «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի նիստին ընդգծվել է նաև ծրագրի հետագա աշխատանքի կառավարման և կազմակերպման հայեցակարգը, իրականացվող գործողությունների իրականացման ապահովության մեխանիզմներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
17:34 - 19 սեպտեմբերի, 2024
Հայաստանում երկրորդ անգամ անցկացվել է «Ռենջեր 2024» մրցանակաբաշխությունը․ ՇՄՆ

Հայաստանում երկրորդ անգամ անցկացվել է «Ռենջեր 2024» մրցանակաբաշխությունը․ ՇՄՆ

Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց «Ռենջեր 2024» մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից․  «Ամբողջ աշխարհում նշվող Ռենջերների օրվա (World Ranger Day)համատեքստում, արդեն երկրորդ տարին Հայաստանում անցկացվում է «Ռենջեր 2024» մրցանակաբաշխությունը։ Օրը նշվում է սկսած 2007 թվականից, այն հռչակվել է Միջազգային ռեյնջերների ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների ներդրումը բնության պահպանման գործում։ Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը գործընկեր Կովկասի բնության հիմնադրամի հետ հայտարարել էին «Ռենջեր 2024» մրցանակաբաշխության մասին, որի արդյունքներն ամփոփվեցին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզում գտնվող «Զիկատար» պետական արգելավայրում կազմակերպված հետաքրքիր մրցութային միջոցառումով։ «Ռեյնջեր 2024» մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 61 աշխատակից Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ տարածքների պահպանությունն համակարգող ՊՈԱԿ-ներից և Էկոպարեկային ծառայությունից։ Թեստավորման առաջին փուլն հաղթահարել էին 15 մասնակից՝ անցնելով եզրափակիչ փուլ։ Օգոստոսի 30-ին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրում տարածքում մրցութային հանդիսավոր միջոցառմամբ անցկացվեց մրցույթի եզրափակից փուլը, որի ընթացքում էլ որոշվեցին մրցանակաբաշխության հաղթողները։ Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը, հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Ողջույնի իր խոսքում նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է այն նվիրումը և ջանքը, որը ՊՈԱԿ-ների և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները ներդնում են իրենց ամենօրյա աշխատանքի մեջ։ Նախարարի տեղակալի խոսքով այս մրցույթը միտված է բարձրացնելու և կարևորելու բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների պահպանությամբ զբաղվող մասնագետների դերը և նշել, որ այդ դերի բարձրացմանն է միտված նաև նախարարության կողմից ձևավորված Էկոպարեկային ծաայությունը։ Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ֆիզիկական պատրաստվածության, տեղանքում կողմնորոշվելու և ժամանակակից տեխնիկական սարքերից օգտվելու հմտության, առաջին բուժօգնության, յուրաքանչյուրն իր ներկայացրած տարածքի բնապահպանական նշանակության և տարածքի իմացության իրենց կարողություններն են ցուցադրել։ Հանձնաժողովը գնահատել է յուրաքանչյուրին, ապա ընտրվել են հաղթողներ, ում տրվել են պատվոգրեր և դրամական պարգևներ` 1-ին տեղ՝ Հովհաննիսյան Նարեկ, «Դիլիջան» ազգային պարկ, 2-րդ տեղ՝ Քոչարյան Արթուր, Էկոպարեկային ծառայություն, 2-րդ տեղ՝ Պետրոսյան Մարիա, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, 3-րդ տեղ՝ Խաչատրյան Վահե, Էկոպարեկային ծառայություն, 3-րդ տեղ՝ Փիրինյան Սասուն, Էկոպարեկային ծառայություն, 3-րդ տեղ՝ Հակոբյան Խաչիկ, Էկոպարեկային ծառայություն։ Ցուցաբերած լավագույն արդյունքներով մյուս մասնակիցներին որպես մրցանակ տրվել են նվեր-քարտեր «Լեռնեցի» հայկական արտադրության ապրանքանիշի կողմից։
12:10 - 01 սեպտեմբերի, 2024
Ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքների բաղադրիչի խորհրդատվական պայմանագիրը․ ՇՄՆ

Ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքների բաղադրիչի խորհրդատվական պայմանագիրը․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Պահպանվող տարածքների և կենսաբազմազանության բաղադրիչի մասով իրականացնող խորհրդատու ընտրված «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի գրասենյակն՝ ի դեմս տնօրեն Կարեն Մանվելյանի, ստորագրել են բաղադրիչի իրականացման խորհրդատվական պայմանագիրը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից․ «Պաշտոնական  ստորագրման արարողությանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նախարարության անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շարունակական և վստահ համագործակցության համար։ «Կարևոր է նշել, որ տարիներ շարունակ համատեղ իրականացված մի շարք ծրագրեր և արդյունավետ միջոցառումներ իրականացնելու  արդյունքում մենք հասել ենք ոլորտի կարևոր խնդիրների լուծմանը և այժմ մեր համագործակցությունը տեղափոխել ենք փոխադարձ վստահության առավել բարձր մակարդակ։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական հիմնախնդիրների, ոլորտի կարևոր նախաձեռնությունների իրականացման ընթացքում մշտապես հենվել է Գերմանիայի Կառավարության  օժանդակության և աջակցության վրա»,-նշել է նախարարի տեղակալը։  Հիշեցնենք, որ հայ-գերմանական ակտիվ համագործակցության արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո», - նշված է նախարարության հայտարարությունում։
18:31 - 12 հուլիսի, 2024