ԱԺ-ն քննարկեց անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը քրեականացնող նախագիծը

 |armenpress.am|
18:07 - 08 մայիսի, 2020

ԱԺ-ն քննարկեց անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը քրեականացնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել անձին հորդորելով, խաբեությամբ, բռնության գործադրելով և այլ միջոցներով ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը:  ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ մայիսի 8-ի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Այդ արարքներ կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատվարձի 200-ապատակից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը՝ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամեկտով»,-ներկայացրեց Բաթոյանը:

Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:  Այդ դեպքում անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Իսկ եթե վերը նշված արարքները կատարվեն  կազմակերպված խմբի կողմից, անզգուշությամբ առաջացնեն տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ, ապա ազատազրկումը կարող է լինել  4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Բաթոյանը վստահեցրեց՝ նախագծի նպատակն է ընտանիքի, ընտանիքի մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել