hetq.am: Հայաստանի կառավարությունը որևէ դեպքում չի իրականացնելու գործառույթ, որը որևէ կերպ կենթադրի, որ մենք երբևէ կարող ենք խթանել անօրինական միգրացիան:
Այս մասին ԱԺ Եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային և բյուջեային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին:
Նախարարի խոսքով` կան որոշ հարցեր, որոնք կապված են վիզաների դյուրացման պայմանագրի իրականացման հետ:
«Որովհետև մենք բավական զգայուն ենք այն տարբեր հարցադրումներին, որոնք պարբերաբար առաջ են քաշվում մեր քաղաքացիների կողմից: Մենք ունենք համապատասխան հարթակ Եվրամիության (ԵՄ) կողմից` այդ հարցերը կանոնավոր քննարկելու համար, որտեղ հնչեցնում ենք մեզ համար բոլոր կարևոր հարցերը, բայց դա միակ ձևաչափը չէ»,-ասաց նախարարը:
Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց` Արևելյան գործընկերության (ԱԼԳ) անդամ երկրների հետ երկխոսության ժամանակ Հայաստանը պնդում է` խստագույնս բացառվելու է անօրինական միգրացիայի խթանումը:
«Բայց կանոնավոր և օրինական տեղաշարժի պայմանների բարելավումը կլինի հնարավորություն»,-ասաց Մնացականյանը` հավելելով, որ պայմանագրի իրականացման հայաստանյան որակը հնարավորություն է տալիս պնդելու, որ Հայաստանն իրականացնում է իր առջև ստանձնած պարտավորությունները:
«Մեր կարծիքով՝ գործնական է ավելի աշխատել շարունակել անմիջապես ԱԼԳ անդամ պետությունների հետ և ի ցույց դնել, որ բաց ենք առնչվելու բոլոր ան խնդիրներին, որոնք մեր առջև դրվում են գործընկերների կողմից: Մենք հավատարիմ ենք բոլոր պայմաններին, որոնք մեր առջև դրված են և ի ցույց ենք դնում դա»,- ասաց ԱԳ նախարարը:
comment.count (0)