pastinfo.am: Խուլիգանության կասկածանքով ձերբակալված քաղաքացիները ազատ են արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրանց ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ ճանաչելով ձերբակալությունը ոչ իրավաչափ։ Պաշտպան Սասուն Ռաֆաելյանը ասաց, որ իր պաշտպանյալներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։
Նշենք, որ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքները քննել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրի դատավորները՝ Վարդան Գրիգորյանը, Մանվել Շահվերդյանը և Վահագն Մելիքյանը։
Ռաֆայելյանը հաստատեց, որ միջադեպի շարժառիթը եղել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ունեցած տարակարծությունը։ Նա պատմեց, որ արդեն 2.5 տարի է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման հարցը մարդկանց բաժանել է երկու խմբի՝ մի մասը պնդում է, որ հանքը չի կարող շահագործվել, իսկ մյուս մասը, որ հանքը պետք է շահագործվի և հենց այդ պատճառով էլ վիճաբանություն է տեղի ունեցել։ Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալները գտնում են, որ պետք է վերջնական որոշում կայացվի՝ հանքը շահագործելու կամ չշահագործելու վերաբերյալ, քանի որ հարցի լուծման հետաձգումը միայն պառակտումներ է առաջացնում։
Հիշեցնենք, որ Infocom-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացել էր, որ Ջերմուկի երեք քաղաքացիները ձերբակալվել են՝ խուլիգանության կասկածանքով՝ վերջերս տեղի ուենցած միջադեպի առնչությամբ։ Խոսքը, մասնավորապես, մամուլում հրապարակված այն տեղեկությունների մասին է, ըստ որոնց՝ սեպտեմբերի 15-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Հետագայում մամուլում շրջանառվող տեղեկությունները հաստատել է ոստիկանությունը, նշելով, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է, նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, որն էլ ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։
comment.count (0)