Տոկիո-2020-ի կազմակերպիչները հավելյալ 1,9 միլիարդ դոլար կտրամադրեն Խաղերի անցկացման համար |armenpress.am|
12:18 - 29 նոյեմբերի, 2020

Տոկիո-2020-ի կազմակերպիչները հավելյալ 1,9 միլիարդ դոլար կտրամադրեն Խաղերի անցկացման համար |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հավելյալ գումար կտրամադրի խաղերի անցկացման և ընթացիկ ծախսերի համար:

Այս մասին գրում է ճապոնական Yomiuri պարբերականը: Կազմակերպիչները մտադիր են մոտ 200 միլիարդ իեն (1,9 միլիարդ դոլար) հատկացնել խաղերի կազմակերպման և անցկացման համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյում 2021 թվականին անցկացվելիք  32-րդ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) է ներկայացրել մրցումների  ձևաչափը պարզեցնելու ծրագիր, որը կխնայի 284 մլն դոլար: 

Ճապոնական կողմն առաջարկում է  10-15% -ով  կրճատել  պատվիրակությունների և ՄՕԿ-ի պաշտոնյաների թիվը: Կազմկոմիտեի ներկայացուցիչների կարծիքով` Տոկիոն օրինակ կծառայի «հետկորոնավիրուսային  դարաշրջանում»  մարզական միջոցառումների կազմակերպման առումով: 

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի արդեն նախկին վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել