Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացրել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը
12:33 - 24 մայիսի, 2021

Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացրել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Շեշտելով, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ փուլերից մեկը, Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական շրջանում ԵԽԽՎ ցուցաբերած աջակցության համար: Նախարարի տեղակալը, մասնավորապես, կարևորել է Հայաստանի և Արցախի հարցով ԵԽԽՎ վերջին բանաձևը, որում, ի թիվս մարդու իրավունքների խախտման խնդիրների, առանձին բարձրացվել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական  պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը:

Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան, ինչպես նաև 10 թանգարան (8-ը՝ պետական, 2-ը՝ մասնավոր)` շուրջ 20 հազար ցուցանմուշներով, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ընդ որում` ռազմական գործողությունների ողջ ընթացքում մշակութային կոթողները թիրախավորվել և գնդակոծվել են:

Արա Խզմալյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տիրապետության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող հակահայ քաղաքականությունը և հայկական ժառանգության թիրախավորված ոչնչացումը:

Նախարարի տեղակալը փաստել է, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության առկա վիճակը գնահատելու նպատակով մշտադիտարկման այցերի, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների առաջարկությունների առումով:

«Ամենախոսուն դեպքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մոնիթորինգային առաքելության մերժումն էր: Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի անդամակցում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդին (ICOMOS), որն անհնար է դարձնում համագործակցությունը նաև մասնագիտական հարթակում»,- ընդգծել է նա և հավելել, որ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգը չի վերաբերում սոսկ հայկական մշակույթին, քանի որ ի դեմս հայկական մշակութային ժառանգության՝ գործ ունենք համաեվրոպական քրիստոնեական արժեքների հետ, և այդ համատեքստում հայկական  հետքի ոչնչացումը սպառնում է նաև համաեվրոպական մշակութային ժառանգությանը:

Արա Խզմալյանը հատուկ նշել է, որ հայկական կողմը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում ակնկալում է եվրոպացի գործընկերների գործուն աջակցությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համացանցում հասանելի տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանում շարունակվում է հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը, ինչի դրսևորումներից են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի վերափոխման աշխատանքները, Դադիվանքը որպես ոչ հայկական եկեղեցի ներկայացնելու փորձերը:

Եվրոպացի պատվիրակները նշել են, որ զեկույց է պատրաստվում պատերազմի հետևանքների մասին, որը սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում ներկայացվելու է ԵԽԽՎ բոլոր 47 անդամ երկրների պատգամավորներին: Զեկույցի պատրաստման նպատակով ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին պատրաստվում է  այցելել նաև Ադրբեջան: Նա մտահոգիչ է համարել, որ Արցախ այցելելու հնարավորություն չի ունեցել:

Արա Խզմալյանն իր հերթին նշել է, որ ԵԽԽՎ պատվիրակության, ինչպես նաև միջազգային այլ պատվիրակությունների՝ Արցախ կատարելիք այցի հետ կապված, հայկական  կողմը մշտապես կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել